Գլխավոր Տուրիզմ Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել․ նախարար

Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել․ նախարար

0

Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել: Տարեսկզբից հայտավորվելու են բոլոր՝ ներգնա և ներքին տուրիզմով զբաղվող տուրիստական օպերատորները, ովքեր հետաքրքրված են Խոսրովի արգելոց զբոսաշրջիկներ ներգրավելու գործում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Ստացված քվոտաների շրջանակում որոշակի վճարումների դիմաց Խոսրովի արգելոցի էկոտուրիզմի բաժնի մասնագետներն ուղեկցորդի եւ անվտանգության ծառայություններ են մատուցելու օրինական, պայմանագրային հիմքերով»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների հետ պայմանավորվելու արդյունքում տեխնիկական վերազինման համաձայնության են եկել, եւ շուտով հակահրդեհային եւ անվտանգային նոր համակարգեր կտեղադրվեն շուրջ 24 հազար հեկտար տարածք ունեցող «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ պահպանությունը ավելի բարձր որակով իրականացնելու նպատակով:

Պետրոսյանը ասաց, որ բնապահպանական փաթեթ է նախատեսվում անտառների կառավարման ոլորտում:

Նա նշեց, որ հանրապետության շուրջ 11,1 տոկոսը «Հայանտառի» անտառներն են. «Շուրջ 18 անտառտնտեսություններ ունենք՝ 5 տասնյակից ավելի անտառպետություններով, եւ աշխատակիցների թիվը շուրջ 1000-ի է հասնում, եւ մենք այդտեղ եւս խորքային բարեփոխումներ ենք նախատեսում»:

Նախարարն ասաց, որ անտառտնտեսությունների գործունեության մեջ տնտեսվարման մի կարեւոր բաղադրիչ են ներմուծում, որ անտառի արդյունագործական ողջ պոտենցիալն իրացվի բացառապես «Հայանտառի» միջոցներով։ Նրա կարծիքով՝ իդեալական մոդելն այն է լինելու, որ քաղաքացին անտառ մտնի բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու  համար:

«Փայտի, չորուկների ձեռքբերումը, այդ թվում՝ նաեւ պայմանագրային հիմունքներով շինափայտի եւ օրինական վառելափայտի արդյունաբերությունն իրականացվելու է բացառապես «Հայանտառի» միջոցներով, որն էլ պատասխանատու է լինելու անտառի տնտեսվարման համար»,- նշեց նա։

Մեկնաբանել