Գլխավոր Ահազանգ Փետրվարի 1-ին ՌԴ մեկնած ուղեւորների մի մասին հետ են ուղարկել․ նրանք COVID-19-ի...

Փետրվարի 1-ին ՌԴ մեկնած ուղեւորների մի մասին հետ են ուղարկել․ նրանք COVID-19-ի թեստի հետ կապված խնդիրներ են ունեցել

0

Փետրվարի 1-ին՝ Ռուսաստանի հետ օդային սահմանը վերաբացվելուց հետո, Հայաստանից մեկնած քաղաքացիների մի մասն այսօր հետ է ուղարկվել։ Նրանց թույլ չեն տվել դուրս գալ օդանավակայանից՝ պատճառաբանելով, որ կորոնավիրուսային հիվանդության թեստի պատասխանը հավելվածում արտացոլված չէ։

Այս մասին գրում է Armtimes.com-ը՝ նշելով, որ երեք օր օդանավակայանում անցկացնելուց հետո շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխա, վերադարձել են Հայաստան։

Նրանց մի մասն ասել է, որ թեստը հանձնել են «Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում։ Այստեղի աշխատակից Թամարա Շահանզարյանը կայքի հետ զրույցում նշել է, որ իրեն էլ Մոսկվայից զանգահարել են այդ խնդրին բախված քաղաքացիներ։ Վստահեցրել է, որ լաբորատորիան թեստավորման գործընթացն ու պատասխանի տրամադրումն արել է սահմանված կարգի համաձայն։ Պարզապես, ինչպես ինքն արդեն հասցրել է պարզել, եղել են մարդիկ, որոնք «Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածից օգտվելու համար օգտագործել են հարազատ-բարեկամների հեռախոսները, եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում գրանցումն անցնելուց հետո հեռախոսը վերադարձրել են տերերին եւ հետո մեկնել, այնինչ հեռախոսի մեջ ներբեռնած հավելվածի կարիքը կա նաեւ Ռուսաստանում։ Այստեղ եւս պահանջում են QR կոդը՝ համոզվելու համար, որ ժամանող ուղեւորի թեստի պատասխանը բացասական է։

Ըստ կայքի, լաբորատորիայի աշխատակիցը նշել է, որ ինքն ամեն կերպ փորձել է օգնել այդ իրավիճակում հայտնված մարդկանց, խորհուրդ է տվել համապատասխան հեռախոս՝ սմարթֆոն ունեցող մարդկանց խնդրել ներբեռնել այդ ծրագիրը եւ սքանավորել թղթային տարբերակով իրենց տրամադրված QR կոդը, առաջարկել է այդ կոդն ուղարկել էլեկտրոնային փոստով, սակայն՝ անօգուտ։ Ըստ նրա՝ իրեն պատասխանել են, որ օդանավակայանում որեւէ մեկը չի ցանկանում աջակցել այդ հարցում՝ ասելով, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել