Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծվում է զբոսաշրջիկների աջակցության հարթակ

Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծվում է զբոսաշրջիկների աջակցության հարթակ

0

Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծվում է զբոսաշրջիկների աջակցության հարթակ.

Ստեփանավանը դեռևս խորհրդային տարիներից համարվում է զբոսաշրջային քաղաք։ Այսօր էլ շատերն իրենց ամառային, հաճախ նաև ձմեռային հանգիստն անց են կացնում գողտրիկ, տաքուկ քաղաքում, սակայն նոր այցելուներ գրավելու համար պետք են նոր քայլեր։ Առաջինը, որ պետք է անել` ամբողջական տեղեկատվության հասանելիության ապահովումն է, այսինքն մի հարթակ, որը կդառնա ուղեցույց` նախ Ստեփանավան այցելելու, ապա տեղում տեսարժան վայրերի ընտրության հարցում։
Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի անձնական նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել տեղեկատվական միասնական կենտրոն, որն ամենատարբեր եղանակներով Հայաստանում ու սփյուռքում կպատմի Ստեփանավանի մասին` ներկայացնելով քաղաքի զբոսաշրջային ողջ ներուժը։
Այսօր քչերը գիտեն, որ Ստեփանավան այցելության հայտնի պատճառներից զատ, կարելի է այցելել օրինակ ձուկ որսալու, քայլքային հետաքրքիր ուղիներով հիանալու, ինչու ոչ` ռաֆտինգի, սարեր մագլցելու և այլն։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նպատակն է` առավելագույն ճշգրտությամբ ձևավորել ճանապարհային քարտեզ, որը կխթանի զբոսաշրջիկների հոսքը, նաև մեծ ազդեցություն կունենա հյուրատնային բիզնեսով զբաղվող մարդկանց համար։
Կրկին քչերին է հայտնի, որ բազմաթիվ ստեփանավանցիներ պատրաստ են իրենց տներում ջերմ հյուրընկալություն կազմակերպել զբոսաշրջիկների համար։ Հանգստի այս տեսակը ոչ միայն մատչելի, նաև նախընտրելի է, որովհետև հյուրընկալ ստեփանավանցիները հաճախ ուղեկցում են իրենց հյուրերին, ծանոթացնում քաղաքի կոլորիտի հետ, հյուրասիրում քաղաքին հատուկ ճաշատեսակներ և այլն։

Զբոսաշրջիկների աջակցման հարթակի ստեղծման աշխատանքների մեկնարկը տրված է, աշխատանքները կկատարվեն սեղմ ժամկետներում, որ զբոսաշրջային տարվա մեկնարկն արդեն արդյունավետ լինի` այս ոլորտի ներկայացուցիչների համար։

Այլ մանրամասներ հայտնի կդառնան առաջիկայում։

Մեկնաբանել