

Այս ընտանիքում դժբախտությունը միայնակ չի եկել: Մեկ ընտանիքում կա զոհ, անհայտ կորած ու երկարատեւ բուժման կարիք ունեցող վիրավոր:
Լուսանկարներում Ստեփան եւ Ջիվան Միքայելյաններն են: 19-ամյա տղաները զույգ եղբայրներ են: Նրանց կյանքում դժվարություններն սկսվել են մանկուց: 7 տարեկան են եղել, երբ ավտովթարից մահացել է նրանց հայրը: 2 տարի առաջ էլ քաղցկեղը տղաներից խլել է ամենաթանկը` մոր կյանքը:
Որպեսզի եղբայրներն առանց խնամակալի չմնան, նրանց խնամքն ստանձնում են հարազատները: Ապրել են մայրական կողմի պապիկի ու 2 մորեղբայների տներում: Այսպես ծնողազուրկ տղաները չափահաս են դարձել ու զորակոչվել բանակ: 2,5 ամսվա զինծառայողներ էին, երբ սկսվեց պատերազմը:

Կռվի հենց առաջին օրերից Արցախ է մեկնում նաեւ Ստեփանի ու Ջիվանի քեռիներից մեկը` Դավիթ Մանուկյանը: Նա որպես վարորդ պայմանագրային զինծառայող էր աշխատում զորքերում: Այս պատերազմը ընտանիքի’ առանց այն էլ դառը ճակատագիրն էլ ավելի դառնացրեց: Զույգ եղբայրների խնամակալներից մեկը համարվող 33-ամյա Դավիթ Մանուկյանը հրետանու արկից զոհվում է հոկտեմբերի 22-ին: Դավիթը երեք անչափահաս երեխաների հայր էր:
Պատերազմի ընթացքում Դավիթը քրոջ տղաներին տեսնել չի հասցրել: Զույգ եղբայրները Ֆիզուլիում էին, քեռին մեկ այլ ճակատում:

Թշնամու կողմից խոցված զրահամեքենայի պայթյունի հետեվանքով Ստեփանը ստացել է գլխի, մեջքի, ոտքերի ու կրծքավանդակի բեկորային վնասվածքներ: Բեկորների մի մասը հեռացրել են, մյուս մասին էլ բժիշկները դեռեւս խորհուրդ չեն տալիս ձեռք տալ: Ստեփանն իրեն պայմանականորեն լավ է զգում, բայց դեռ մի քանի վիրահատություններ ունի անցնելու: Ականջից մի բեկոր հեռացրել են, բայց բեկորայինից բացի պայթյունի ալիքը եւս իրենն արել է: Ստեփանը հիմա երկկողմանի լսողության կորուստ ունի: Բժիշկներն այն գնահատել են երկրորդ աստիճանի լսողության խանգարում: Հենց այս խնդրի կարգավորման նպատակով առաջիկայում եւս 2 վիրահատություն է նախատեսված:

Քանի դեռ որեւէ տեղեկություն չունեն անհետ կորած տղայից` ամեն լուրի սպասում են: Մի անգամ զոհվածների ցուցակում է հայտնվել Ջիվանի անունը: Հետո պաշտոնապես հերքել են, բայց անհայտ կորածների ցուցակում էլ չեն ընդգրկել: Գերության մեջ գտնվողների ցուցակում էլ չի հանդիպում Ջիվանի անունը: Ստեփանի ու Ջիվանի հետ եւս 8 զինծառայող է եղել մարտական այդ դիրքում: Նրանցից 5-ը նույնպես վիրավորվել են ու տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Դիրքերում մնացած 3 զինծառայողից, այդ թվում նաեւ Ջիվանից մինչեւ հիմա որեւէ լուր ստանալ չի հաջողվում:
Ջիվանին ողջ-առողջ գտնելը ընտանիքում գրեթե անհնար են համարում, բայց Ստեփանը դեռ ուզում է հավատալ` ասում է լսել է, որ հրաշքներ էլ են լինում ու բացի այդ հույսը վերջում է մահանում:
Առօրյա աղմուկի փոխարեն Ստեփանի ականջներում առ այսօր ռումբերի պայթյունների ձայներն են, երազներում` անհայտ կորած եղբայրը, հոգում` մորեղբոր հիշատակը:
Քեռու հուղարկավորությանը Ստեփանը մասնակցել է ծանր վիրավոր վիճակում:

Պատերազմի, եղբոր ու քեռու մասին Ստեփանի հետ զրույցը ստացվում էր պապիկի օգնությամբ: Հանկարծ միջամտում է տատիկն ու խնդրում մի փոքր շեղվել այդ թեմաներից: Մասնագետներն են հորդորել չծանրաբեռնել Ստեփանին: Մինչեւ այսօր ժամանակ առ ժամանակ գիտակցության կորուստ է ունենում Ստեփանը: Բժիշկներն ասել են սթրեսից է ու եղբոր հետ կապված անորոշությունից
Հետաքրքրվում ենք’ սիրահարված է արդյոք Ստեփանը: Իր մասով պատասխանը կարճ է` ոչ, դեռ փնտրտուքի մեջ է: Ապա խորը հոգոց է հանում ու այս թեմայի հետ կապված էլ եղբորը հիշում: Ջիվանն է սիրահարված: Ընկերուհի ունի: Վերջին հույսով սպասում են, որ հրաշքով ողջ գտնվի, գա, ամուսնացնեն ու գոնե այսքան դժբախտությունից հետո ուրախանալու մի առիթ ունենան:
Արարատի Մարզի Վեդի քաղաքի մի կիսակառույց հարկի տակ է ապրում այս ընտանիքը: Եղբայրներն իրենց սեփական տունը չունեն: Մինչեւ մոր մահը ապրել են վարձով։ Հիմա նույնպես մայրական կողմի տատիկ-պապիկի տանն է Ստեփանը: Նույն հարկի տակ են նաեւ զոհված քեռու 3 փոքր երեխաներն ու մորեղբոր այրիացած կինը:

Այս ընտանիքի սոցիալական բեռն ինչ-որ չափ թեթեւացնելու նպատակով Բելգիայի Օսթենդ քաղաքի Հայերի միությունը այս հերոսի ընտանիքին տրամադրում է 500 եվրո:
Նրանք, ովքեր կցանկանան հավելյալ աջակցություն ցուցաբերել այս ընտանիքին կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` +37477462164)
Շնորհակալություն
Առողջություն եւ ամենայն բարին մեր հերոսներին:
Հարգանքներով` «Օսթենդի հայերի միություն»։