Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Մեծ թափով շարունակվում է Սեւանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը

Մեծ թափով շարունակվում է Սեւանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը

0

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իմ հանձնարարականով «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։

Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքեւ գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ։

Ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սեւանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ եւ Սեւանի նավամատույցի հարեւանությամբ գտնվող լճափնյա հատվածներում։

Սեւանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական եւ բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարեւոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։

Բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կախված է նաեւ «Սեւան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։ Արդեն մեկնարկել ենք այդ կարողությունների ընդլայնման եւ հզորացման գործընթացը․ շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա, որի կիրառմամբ էլ ավելի մեծ թափով կընթանան լճի առափնյա հատվածներն արժանավայել տեսքի բերելու եւ կարգուկանոն հաստատելու աշխատանքները»։

Մեկնաբանել