Գլխավոր Արտակարգ Ամեն ինչ վերահսկողության տակ է․ վարչապետը ելույթ կունենա ժամը 16-ին

Ամեն ինչ վերահսկողության տակ է․ վարչապետը ելույթ կունենա ժամը 16-ին

0

Քիչ առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ  աշխատանքից ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, ինչին էլ հետեւել է ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի հրաժարականի պահանջով:

Նիկոլ Փաշինյանը, շարունակելով, նշեց.

«Այնուամենայնիվ, ամենամեծ խնդիրը, որ այսօր ունենք, ժողովրդի եւ քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, ես համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:

Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա եւ փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ինքս պատասխանեմ, բայց մենք եկել ենք մի փուլի, երբ մեր բոլոր բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել: Եթե մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ: Բայց մեր մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք, հանրությունը, կառավարությունը կարող են իրենց հարցեր ունենալ: Դա չի նշանակում, որ այդ պատասխաններից պետք է ինչ-որ բան տեղի ունենա: Մենք պիտի իմանանք մի քանի հարցերի պատասխաններ՝ կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված: Պիտի իմանանք, թե ինչ կապեր են եղել մի շարք բարձրաստիճան սպաների եւ որոշ քաղաքական շրջանակների միջեւ: Ովքեր էին, որ փոխանակ մարտերը վարեն, պնդում էին, որ պետք է իշխանության հարցերը լուծել:

Էլ չեմ նշում նոյեմբերի 9-ի հեղաշրջման փորձը, երբ փորձ եղավ հարձակվել կառավարության ներկայացուցիչների վրա, հաշվեհարդար տեսնել՝ չթողնելու համար, որ իրականությունը ի հայտ չգա»:

Վարչապետը նշեց, որ այս ամենի պատասխանն է տալու Հանրապետության հրապարակում եւ կոչ է անում պահպանել հանդարտություն, իրականացնել խաղաղ հավաք: Զինվորականներին էլ վարչապետը հորդորեց շարունակել իրականացնել հայրենիքի պաշտպանության իրենց գործառույթը:

«Ամեն ինչ մեր զինվորների վերահսկողության տակ է եւ չպետք է թույլ տալ ծառայողական իրավիճակին հակասող որեւէ գործողություն: Անթույլատրելի է, որ բանակը զբաղվի քաղաքականությամբ եւ անի քաղաքական հայտարարություններ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի միջոցով Նաեւ տեղեկացրել է, որ Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու ժամը 16:00-ին:

«Մինչ այդ հավաքվենք հրապարակում: Ոստիկանությունը եւ մյուս իրավապահ մարմինները ապահովում են հավաքի անվտանգությունը»:

Մեկնաբանել