Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Ո՞վ է մեղավոր Կապանում չգործող հանքերի վթարի համար

Ո՞վ է մեղավոր Կապանում չգործող հանքերի վթարի համար

0

Կապանի «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունում (նախկին Կապանի լեռնահարստացման կոմբինատ) շարունակվում են վերականգնման–վերանորոգման աշխատանքները։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 2։00-ին, Կապանի պղնձի հանքավայրի (Կավարտի հանք) տրանսպորտային հանքուղով (Կավարտի հանքավայրը չի պատկանում եւ չի շահագործվում «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից) հոսող ջրերը, դեռեւս անհայտ պատճառներով, մեծ քանակությամբ լցվել են ընկերության տարածք՝ պատճառելով վնասներ․ պատահարի հետեւանքը եղել է արտադրության խափանումն ու կանգառը։

Ջրերը ընկերության տարածքով անցել են նաեւ միջպետական մայրուղի ու հարակից տարածքներ:

Երեկ  Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռոմա Սահակյանի հետ այցելել են «Չաարատ Կապան» ՓԲԸ որի տարածքը զգալի վնաս է կրել  գիշերը տեղի ունեցած վթարից։

Մարզպետարանի ներկայացուցիչները, ծանոթանալով տարածքում ստեղծված վիճակին, հանդիպում ունեցան «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ։ Կարո Ավանեսյանը հետաքրքրվեց ընկերությանը հասցված վնասի ծավալներով, ու տնօրենը ներկայացրեց դրանք (վարչական շենք, գույք, սարքավորումներ, ճանապարհներ եւ այլն)։

Քննարկվեց նաեւ, թե ինչը կարող էր հանքախորշի մուտքի պատվարի փլվելու ու ջրերի արտահոսքի պատճառ դառնալ, եւ կարեւորվեց, որ խնդիրը ներկայացվի կառավարություն՝ համայնքի տարածքում եղած մյուս չգործող ու կոնսերվացված հանքախորշերի անվտանգությունն  ապահովելու եւ հետագայում նման վթարային իրավիճակները  կանխարգելելու համար։

Մեկնաբանել