Գլխավոր ԵՐԵւԱՆ Նիկոլ Փաշինյանին՝ «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել

Նիկոլ Փաշինյանին՝ «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել

0

 ՀՀ վարչապետը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաեւ Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը։Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:

Լրագրող Նվեր Մնացականյանը վարչապետից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրեն է ուղղված, վարչապետն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաեւ ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա եւ չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, — խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝  այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»: «80-ականների զե՞նք էր գուցե»,–ասել էր վարչապետը

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական եւ ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ:

Կասկած չի հարուցում եւ այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում եւ մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշեց Գեւորգյանը:

Մեկնաբանել