Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Կապան թե՞ Կաֆան․ քննարկում Ազգային ժողովում

Կապան թե՞ Կաֆան․ քննարկում Ազգային ժողովում

0

«Պարոն Փաշինյան, համացանցում հրապարակվեց եռակողմ հայտարարության փաստաթուղթ, որը վերաբերում էր դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին։ Այն ներառում էր ՀՀ սահմանային հարցեր, Արցախի տարածքների հետ կապված հարաբերություններ, զորքերի տեղաշարժ։ Այն թուղթը նկատի ունեմ, որում Կապան  քաղաքը թուրքերեն «Կաֆան» էր գրած։ Չկար ստորագրություն։ Բոլորը մտածեցին, որ սա կամ կեղծ է, կամ կառավարությունը չի ստորագրել՝ քրեաիրավական հետեւանքներից խուսափելու համար։ Ստորագրվե՞լ է, ո՞վ է ստորագրել, դա ձե՞ր կամքն է, թե էլի սպառնալիքի ներքո է կնքվել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց  «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Արդեն 5-րդ անգամ անմիջապես վարչապետին հասցեագրված հարցին պատասխանելու համար ամբիոնին ոչ թե մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ասաց․ «Դեկտեմբերին ՊՆ-ն հայտարարել է, որ համաձայն ձեռքբերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ հատվածում երթեւեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Այս պայմանավորվածությունը եղել է դեռեւս դեկտեմբերին, ռուսական կողմը համաձայնեցրել է ադրբեջանական կողմի հետ։

Անընդհատ նույն թեման քննարկելով ի՞նչ նոր բան ենք գտնելու»։ Տարոն Սիմոնյանը պատասխանեց․ «Չասացիք՝ ստորագրվե՞լ է, թե ոչ, կա՞ կառավարության ստորագրություն, թե ոչ, եղե՞լ է սպառնալիք, թե ոչ։ Հարցնում եմ, որովհետեւ այդ թուղթը կիրառման մեջ կարող էր դրվել բացառապես Աժ-ի վավերացման դեպքում։ Եթե դա չի արվել, եւ դուք ինքնուրույն եք դա կազմակերպել, քրեական օրենսգրքում նշանակում է՝ իշխանության յուրացում»։ Տիգրան Ավինյանը նշեց՝ «վստահեցնում եմ, որ որեւէ իրավական խնդիր տվյալ հարցի հետ կապված չկա եւ չի լինելու»։

Ապա «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարցրեց վարչապետին՝ կոնկրետ ո՞ր սխալների համար վարչապետը ներողություն խնդրեց մարտի մեկի հանրահավաքում։ Այս դեպքում էլ՝ արդեն 6-րդ անգամ, հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց Ավինյանը․ «Եթե պարզաբանման կարիք լինի, վարչապետը կանդրադառնա»։

Մեկնաբանել