
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, ով Զանգեզուրն անվանել է «ադրբեջանական պատմական տարածք» ու հայտարարել, թե լուծել է ԼՂ հակամարտությունը եւ կյանքի է կոչել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանները լրագրողների հարցերին:
Հարց. Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, եւ միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:

Պատասխանը. Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որեւէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:
Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» եւ հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին եւ որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:
Հարց. Ադրբեջանի նախագահը կրկին նշել է, որ լուծել է հակամարտությունը եւ կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձեւերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պատասխան. Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, եւս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի եւ ուժի կիրառման նախաձեռնողը եւ ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման եւ փորձության ճանապարհով: Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի դրույթները, թեեւ այդ նույն բանաձեւերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները:
Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, եւ առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում: Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը եւ պատերազմի հետեւանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են: