Գլխավոր Без рубрики «Դու՛ք եք հայկական բանակը, մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանը»․ Մեղրիի քաղաքապետ

«Դու՛ք եք հայկական բանակը, մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանը»․ Մեղրիի քաղաքապետ

0

Երկուշաբթի՝ մարտի 8-ին,  Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեցին Մեղրի համայնքի 2021թ. առաջին զինակոչիկները: Ժամեր անց նրանք կստանձնեն հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը:

Մեղրի քաղաքի զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր` հուզված ծնողներ, բարեկամներ, ընկերներ եւ պարզապես քաղաքացիներ:

Մեղրի համայնքից բանակ զորակոչվող երիտասարդներին բարի ծառայություն մաղթելու, հարազատների հուզմունքը կիսելու էին եկել ուժային կառույցների ղեկավարներ եւ բարձրաստիճան սպաներ:

Միջոցառումը մեկնարկեց տարածաշրջանի հոգեւոր հայր տեր Ռաֆայելի օրհնության խոսքով եւ կոչով` սրբությամբ ու հավատով պաշտպանել եւ անառիկ պահել հայրենի եզերքի սահմանները:

Միջոցառմանը բարեմաղթանքի խոսքերով հանդես եկավ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար փոխգնդապետ Վահե Աղալարյանը: Հնչող ելույթներում ու օրվա տրամադրության մեջ նախ եւ առաջ խոնարհումն էր վերջին պատերազմում ընկած հերոսների հիշատակին, ինչպես նաեւ պատգամը` նրանց գործը շարունակել` հայրենիքին անձնուրաց ծառայությամբ։

Զինակոչիկներին խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեց համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը. «Տղանե՛ր, դուք մեկնում եք՝ իրականացնելու ձեր հայրենապաշտպան առաքելությունը, ապահովելու հայրենիքի սահմանների անվտանգությունը:

Ուստի հայրաբար հորդորում եմ ձեզ՝ ծառայության այս երկու տարիների ընթացքում ամուր լինել, թեւ ու թիկունք լինել իրար, սրբորեն կատարել զինվորական հրամանները, քանզի հայրենիքի անվտանգության երաշխավորն առաջին հերթին դուք եք, դու՛ք եք հայկական բանակը, մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանը, մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեության երաշխավորը: Մենք հայոց բանակին` ձեզ ենք վստահում մեր հայրենիքի ապագան» , — ասված էր ելույթում:

Նորակոչիկներին իրենց ներկայությամբ քաջալերեցին մեղրեցի հայորդիները, ովքեր համայնքապետի կողմից արժանացան շնորհակալագրերի` Արցախյան երկրորդ պատերազմում հայրենի սահմանների պաշտպանությանը հերոսաբար մասնակցելու համար:

Զինակոչիկները գիտակցաբար եւ պարտքի կատարման զգացումով մեկնեցին համալրելու հայոց բանակի շարքերը, իրենց հետ տանելով բազմաթիվ ջերմ մաղթանքներ ու օրհնանքներ:

Խաղաղ եւ անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին:

Մեկնաբանել