
Վարչապետը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզկենտրոն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց եւ ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։
Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է եւ վտանգավոր` դասապրոցես իրականացնելու համար։ Եղել են նաեւ շենքից քարաթափման դեպքեր, իսկ ներսի պատերը ճաքած էին։ Արդյունքում որոշում է կայացվել հիմնովին վերակառուցել դպրոցը, շինաշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջում։

Շինարարության մեջ օգտագործվել է մինչեւ 580 տոննա երկաթյա ամրան, դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան՝ սեյսմակայուն մինչեւ 9 բալ երկրաշարժի դեպքում:
Դպրոցի նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»: ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։
Դպրոցը շինարարության ընթացքում իր հիմնական հասցեում չգործելու հետեւանքով աշակերտների թվաքանակի կորուստ չի ունեցել: Այս պահին Պապին Ղանդիլյանի անվան դպրոցի աշակերտների թիվը 422 է, իսկ նոր շենքի շահագործումից հետո այս թիվը կարող է ավելանալ. այն նախատեսված է 576 աշակերտի համար։
Նոր շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ունի վերելակ, կահավորված դասասենյակներ, միջոցառումների դահլիճ, մարզադահլիճ, լաբորատորիաներ։