
Մարտի 9-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ «Սովորենք փոքրիկ քայլերի արվեստը» մարզային թատերական ստուդիայի սաների մասնակցությամբ նկարահանված «Կալանքը» ֆիլմի (սցենարի հեղինակ` Գուրգեն Խանջյան, ռեժիսոր՝ Հրաչյա Հովհաննիսյան, օպերատոր՝ Ռուբեն Գրիգորյան) առաջին ցուցադրությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ի գեղարվեստական խորհրդի անդամ, ռեժիսոր Աշոտ Հակոբյան, վարչության անդամ Աննա Ավոյանը եւ «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի նախագահ Մարինե Ղազարյանը:
Ֆիլմը ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, որի երեք անդամներ՝ հայրը, մայրը եւ դուստրը, միմյանց համար ընկալվում են որպես անձի ազատությունների իրացման յուրահատուկ կալանք: Այն նպատակ է հետապնդում ներկայացնել, թե ընտանիքում տիրող անառողջ մթնոլորտը ինչպիսի անդառնալի հետեւանք կարող է թողնել երեխայի առողջության, հոգեկան հանգստության եւ աշխարհահայացքի ձեւավորման վրա:
Ինչպես նշում է ֆիլմի ռեժիսորը՝ այս թեմայի ընտրությունը մեծ կարեւորություն ունի, քանի որ մեր երկրում ընտանիքը համարվում է կարեւորագույն օղակ՝ փոքրիկ հայրենիք, որտեղից էլ սկիզբ է առնում մեր ապագայի՝ գալիք սերունդների ձեւավորումն ու զարգացումը: Ֆիլմը մեզ եւս մեկ անգամ հիշեցնում է, որ միայն առողջ ընտանեկան միջավայրում երեխան հնարավորություն ունի ձեւավորվել որպես կայացած անհատ եւ հայրենիքի ամուր հենասյուն:
Ֆիլմի դիտումից հետո կատարված աշխատանքը բարձր գնահատեցին եւ մասնակիցներին շնորհակալություն հայտնեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանը:
Մարզպետարանի ներկայացուցիչ Արփիար Ղազարյանը պատրաստակամություն հայտնեց՝ ի դեմս ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, միշտ լինել թատերական ստուդիայի կողքին եւ օժանդակել նրա ղեկավարի նախաձեռնությունների իրականացմանը: Իսկ վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանը նոր բեմեր ու նորանոր ներայացումներ ու նկարահանումներ մաղթեց ստուդիային:
Ստուդիայի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը նշեց, որ ֆիլմի ստեղծման աշխատանքներին օժանդակել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը եւ շնորհակալություն հայտնեց մարզպետին իրենց նախաձեռնությանն օժանդակելու համար:
Երիտասարդ ռեժիսորը նշեց, որ երկրորդ պրոյեկտը(ֆիլմը) նվիրվելու է վայոցձորյան պատմամշակութային արժեքներին: