Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Սովորողները լքում են Աբովյանի N1 դպրոցը. գործադուլով ինչ խնդիր է լուծում ուսուցիչը,...

Սովորողները լքում են Աբովյանի N1 դպրոցը. գործադուլով ինչ խնդիր է լուծում ուսուցիչը, եթե կրթությունը հետին պլան է մղել

0

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցում դասապրոցեսը կանգ է առել: Ուսուցիչները դեռ գործադուլ են անում, ծնողներն էլ աստիճանաբար սկսում են ավելի դժվար հանդուրժել ստեղծված իրավիճակը, եթե անգամ ի սկզբանե դեմ չեն եղել նախկին տնօրենին վերադարձնելու համար սկսված այս պայքարին:

Հիշեցնենք, որ Մետաքսյա Բաբայանի պաշտոնավարման 5 տարի ժամկետը լրանալուց հետո տնօրենի թափուր պաշտոնի նոր մրցույթ էր անցկացվել: Մրցույթին մասնակցել էր թե նախկին տնօրենը, եւ թե մեկ այլ դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը: Երկու թեկնածուները հավասար ձայներ էին ստացել ու սահմանված կարգով վերջնական որոշումը կայացրել էր կրթության նախարարը՝ տնօրենի պաշտոնում նշանակելով Քարմիլե Առաքելյանին: Այդ ընտրությունն, ահա, ուսուցիչները ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել:

«Հայկական Ժամանակի» այցելության պահին նորանշանակ տնօրենի աշխատասենյակում էին մի խումբ ծնողներ, որոնք եկել էին՝ փորձելու պարզել, թե ինչքան է շարունակվելու այս իրավիճակը: Նրանք դեռ տատանվում են՝ երեխաներին տեղափոխե՞լ այլ դպրոց, թե՞ գուցե մեկ-երկու օրից հակասությունները կհաղթահարվեն, եւ ուսումնական գործընթացը կվերադառնա բնականոն հուն:

«Մեր երեխաները մեկ ամիս մի քանի օր է՝ դպրոց չեն հաճախում: Այս դրվածքը ճիշտ չէ: Մեր երեխաները պիտի՛ կրթություն ստանան՝ անկախ ամեն ինչից, անկախ այս պայքարից: Պայքարը թող լինի իրենց մեջ, բայց ոչ մեր երեխաների կրթության հաշվին: Եթե էսպես շարունակվի, էլ սպասելու ժամանակ չունենք: Եթե այլ դպրոց էլ գնան, իրենք այս մեկ ամիս, մի քանի օրվա ծրագիրը բաց են թողել: Դեռ հարց է՝ ոնց ենք դա լրացնելու»,- մեր զրույցում ասաց ծնողներից մեկը, որի երեխան սովորում է 10-րդ դասարանում:

Դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանը նշում է, որ աշխատակազմի գործադուլն անօրինական է: Ինքը դիմել է դատարան: Բացի այդ, ստացել է ՀՀ արհմիութենական կազմակեպության գրությունը, որ գործադուլն անօրինական է ճանաչվել (դպրոցում, ըստ նրա, արհմիություն չկա): Աշխատանքի տեսչական մարմնից նույնպես տնօրենը կարգադրագիր ունի: «Ինձ են ուղարկել, որ ես իմանամ, որ «կազմակերպության մանկավարժական խորհուրդը 2021 թվականի փետրվարի 11-ից հայտարարել է գործադուլ, որն անօրինական է: Տնօրենի նշանակման հետ կապված հարցը կոլեկտիվ աշխատանքային վեճ չէ, իսկ մանկավարժական խորհուրդը գործադուլ հայտարարելու իրավասություն չունի: Այսինքն՝ իրավասություն ունի այն դեպքում, երբ դիմի արհմիութենական կազմակերպությանը»,- փաստաթղթից մեջբերում անելով ասաց Քարմիլե Առաքելյանը: Դրա հիման վրա էլ արդեն տույժեր է կիրառել ու աշխատանքից ազատել պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին, որը գործադուլի կազմակերպիչներից է համարվում:

Նկատենք, որ դպրոցի 372 աշակետներից 23-ի ծնողներն արդեն իսկ վերցրել են երեխաների գործերը եւ տեղափոխել այլ դպրոցներ: Մի խումբ ծնողների, ինչպես նշեցինք, տնօրենի աշխատասենյակում հանդիպեցինք (ի դեպ, այցելել էինք առանց պայմանավորվելու): Դուրս գալիս տեսանք, որ եւս մեկ ծնող է եկել նրա հետ խոսելու: Նախորդ օրն էլ լրատվամիջոցներում տարածվել էր ծնողների հայտարարությունը՝ կրթական գործընթացը վերականգնելու պահանջով: Ասել է թե՝ ստացվում է՝ հանուն նախկին տնօրենին վերադարձնելու ուսուցիչների այս պայքարը նաեւ հանուն երեխաների կրթության չէ, որը իրենց կարծիքով կարող է ավելի որակյալ լինել Բաբայանի շարունակաբար պաշտոնավարելու դեպքում: Գործադուլ անող մանկավարժները կրթական նպատակ, փաստորեն, չունեն, եւ նրանց չի մտահոգում, որ երեխաները կա՛մ հետ են մնում ծրագրից, կա՛մ ստիպված են ենթարկվել դպրոցը փոխելու սթրեսին:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել