Գլխավոր Հասարակություն Ադրբեջանը զորավարժությունները անցկացնելու է Գեղարքունիքի հյուսիս-արեւելյան եւ Տավուշի արեւելյան...

Ադրբեջանը զորավարժությունները անցկացնելու է Գեղարքունիքի հյուսիս-արեւելյան եւ Տավուշի արեւելյան սահմանային հատվածների մոտ

0

Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերը առաջիկայում՝ գրեթե նույն օրերին զորավարժություններ են անցկացնելու: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց մարտի 16- 20-ը մարտավարական եւ մարտավարամասնագիտական զորավարժություններ անցկացնելու մասին:

Իսկ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝  Ադրբեջանում զորավարժությունները կանցկացվեն մարտի 15-18-ը եւ կունենան օպերատիվ-տակտիկական բնույթ:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ Ադրբեջանը զորավարժություններն անցկացնելու է Գեղարքունիքի մարզի հյուսիս-արեւելյան սահմանահատվածի մոտ եւ Տավուշի մարզի արեւելյան հատվածի մոտ:

Պարոն Հովհաննիսյան, Հայաստանը եւ Ադրբեջանը գրեթե նույն օրերին զորավարժություններ են անցկացնում: Այդ զորավարժությունները նմա՞ն են իրար:

— Այդքան էլ նման չեն: Ծավալների հետ կապված՝ եւս նմանություն չկա: Ադրբեջանը զորավարժություններին մտադիր է ընդգրկել  10.000-ից ավելի կենդանի ուժ, հարձակողական բնույթի զինտեխնիկա, ԱԹՍ-ներ, ռազմական ավիացիա, տանկեր եւ այլն: Հայաստանի դեպքում այդքան էլ լայնամասշտաբ չէ. ծավալի առումով համեմատության եզրեր չկան, բայց սա ես համարում եմ բալանսի բերող զորավարժություն: Այսինքն՝երկու պետություն, որոնք ոչ վաղ անցյալում պատերազմել են, իրենց տարածքներում անցկացնում են զորավարժություններ, եւ այդ զորավարժությունների հասցեատերերն էլ, ըստ էության, հանդիսանում են տվյալ դեպքում հակամարտող պետությունները: Պաշտոնապես չի հայտարարվում, որ զորավարժությունները հարձակողական բնույթի են, բայց, ըստ էության, այդ բնույթի է:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ օպերատիվ-տակտիկական բնույթի զորավարժության մասին է խոսքը:

— Ընդհանրապես, եթե մենք խոսում ենք զորավարժությունների տեսակի մասին, ոչ թե պաշտոնական հաղորդագրություններն ենք հիմք ընդունում, այլ հիմք ենք ընդունում այն, թե ինչ տեսակի զինտեխնիկա է օգտագործվում: Տվյալ դեպքում օգտագործվում է ռազմական ավիացիա, ԱԹՍ, տանկեր: Տանկերը օգտագործվում են հարձակողական իրավիճակների համար:  Օգտագործվում է 10.000 կենդանի ուժ, այսինքն՝սա ինքնին հարձակողական բնույթի զորավարժություն է: Հատուկ ջոկատայիններ չեն ընդգրկված, այլ ընդգրկված են այն ստորաբաժանումները, որոնք ռազմի դաշտում իրականացնում ենառաջին պլանիգործողություններ: Ե՛վ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը փորձ են անում այս ժամանակաշրջանում հոգեբանական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, որովհետեւ Հայաստանի նկատմամբ ունեն նկրտումներ, եւ ցանկություն կա ոչ ռազմական ճանապարհով այդ նկրտումները կյանքի կոչել: Փորձում են հոգեբանորեն ճնշել Հայաստանին եւ ՀՀ իշխանությանը: Փորձում են ասել, որ «եթե դուք չեք գնում զիջումների, ապա մենք կարող ենք պատերազմից 2-3 ամիս անց այսպիսի լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնել: Ավելին՝նաեւ կարող ենք հարձակվել ձեր երկրի վրա»:

Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ տեսնու՞մ եք զորավարժությունների օրերին:

— Բացառում եմ նմանատիպ սցենար: Դա կոչվում է ոչ թե ռազմական գործողություն, այլ ռազմական սադրանք: Այս սադրանքների բացառումը այն է, որ այսօր եւս Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հայտարարություն տարածեցին, որ Ադրբեջանի զորավարժությունների պարագայում չպետք է ռազմական որեւէ գործողություն ակնկալել Հայաստանի Հանրապետության դեմ: Սա եւս կանխարգելիչ հայտարարություն էր: Չեմ կարծում, որ կգնան ռազմական սադրանքի, բայց միեւնույն ժամանակ չի բացառվում, որ զորավարժությունների ժամկետներից դուրս լինեն որոշակի ռազմական սադրանքներ:

Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել հետագա ռազմական սադրանքները։  

-Վերջին ժամանակաշրջանում Ալիեւի տարածած հայտարարությունները եւ հոխորտանքները՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված, եւ այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը չգնա միջանցքի տրամադրմանը, մենք կպարտադրենք, մյուս կողմից՝ նաեւ այն բոլոր հայտարարությունները, որոնք գալիս են Բաքվից՝ կապված Զանգեզուրի հետ, ինչու չէ նաեւ Տավուշի մարզի որոշակի հատվածների հետ, դրանից ենթադրելով՝ ասում եմ, որ իրենք փորձելու են ռազմական սադրանքներ իրականացնել, որպեսզի գոնե Ալիեւը իրենց հասարակությանը ցույց տա, որ իր խոսքը գործ է, եւ եթե ինքը ասել է, պետք է անպայման իրականություն դառնա: Այստեղ խնդիրը Ռուսաստանի հետ է, որովհետեւ Ռուսաստանը ներկայացված է նաեւ Սյունիքի մարզում, եւ դա արկածախնդրություն կլինի, եթե Ադրբեջանը որեւէ բան անի: Բայց կարծում եմ՝ Ալիեւը գնալու է այդ ճանապարհով, եւ միգուցե դա կլինի այն համբերության բաժակը, որը կլցվի, եւ թուրք-ռուսական բախումը ապագայում կարող է տեղի ունենալ:

Դրանք կարո՞ղ են վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

— Այո: Այստեղ ոչ միայն Հայաստանի Հանրապետության սուվերենության խնդիրն է, այլ նաեւ Ռուսաստանի ազդեցության ոլորտների խնդիրն է: Եկեք Ադրբեջանին դիտարկենք որպես Թուրքիա, որովհետեւ դա այդպես է: Եթե Թուրքիան ուզում է իր ազդեցության ոլորտները տարածել այնտեղ, որտեղ ավանդաբար եղել է Ռուսաստանը, ապա ակնհայտորեն կլինի թուրք-ռուսական բախում:

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունները անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնաանտառային տարածքներում, հստակ վայր նշված չէ: Ունե՞ք տեղեկություն, թե որտեղ են անցկացվելու զորավարժությունները:

— Իմ տեղեկությունների համաձայն՝ զորավարժությունները անցկացվելու են ՀՀ Գեղարքունիքի մարզի հյուսիս-արեւելյան սահմանահատվածի մոտ, Տավուշի մարզի արեւելյան հատվածի մոտ: Հատկապես այդ շրջաններում է զորավարժությունների անցկացման վայր ընտրվել: Կարծես նաեւ մտադրություն ունեն զորավարժությունները Քարվաճառում անցկացնել: Եթե տեղեկությունները իրոք համապատասխանում են իրականությանը, ապա Քարվաճառի հատվածի զորավարժությունները արարողակարգային են լինելու: Իրենք զինտեխնիկան Մարտակերտի միջանցքով պետք է անցկացնեն Քարվաճառի տարածք: Սա եւս հոգեբանորեն ճնշելու նպատակ ունի: Եթե աշխարհագրական առումով վերցնենք, զորավարժությունների հիմնական ուղղությունը ՀՀ սահմանի նկատմամբ է:

— Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ զորքերը կատարելու են ահաբեկչական ջոկատների եւ անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի հակաահաբեկչական գործողություններ: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հենց Ադրբեջանն էր ահաբեկիչների ներգրավել: Հատկապես այս պարագայում ինչու՞ է Ադրբեջանի ՊՆ-ն նման հայտարարություն անում:

— Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության տարածքում ծառայություն իրականացնող հայկական բանակի զինվորներին համարում է ահաբեկիչներ, եւ ընդհանրապես, ոչ միայն հայկական բանակի, այլեւ ինքնապաշտպանություն կազմակերպող ուժերին է համարում ահաբեկիչներ: Այս հանգամանքը նկատի ունեն, երբ ասում են՝ հակաահաբեկչական գործողություններ: Տվյալ դեպքում եւս գալիս եմ այն համոզման, որ այս զորավարժությունները հոգեբանական պատերազմի մաս են կազմում, բայց միեւնույն ժամանակ գլոբալ առումով թուրք-ադրբեջանական զորքերը համատեղ գործունեության խնդիր ունեն: Կարելի է ասել, որ մի կողմից իրականացվում է ներդաշնակեցման, մյուսկողմից՝ հոգեբանական պատերազմի գործառույթը:

— Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ Թուրքիայի մասնակցության մասին խոսք չկա:  Ըստ ձեզ՝ Թուրքիան որեւէ կերպ մասնակցություն կունենա՞ զորավարժություններին:

— Թուրքիայի հրամանատարական կազմն է ընդգրկված այս զորավարժություններում: Այսինքն՝ այնպես, ինչպես Արցախյան պատերազմում էր: Հրամանատարական կազմը ինքն է կառավարում զորքը, Թուրքիայի կողմից տրված զինտեխնիկան է գործածում: Սա ես համարում եմ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն:

Մեկնաբանել