
Երեկ՝ մարտի 12-ին, հերթական կրակոցներն են հնչել Կոտայքի մարզում։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com –ը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Հին Թաղեր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։55ի սահմաններում նշված ռեստորանում հաճախորդների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 1 հոգի իր մոտ եղած ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ապա դիմել փախուստի։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, Կոտայքի քննչական խումբը՝ բաժնի պետ Գ. Մաթեւոսյանի եւ ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ պարզել են, որ վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Հունանյանը իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ապա Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Քննչական խումբը պարզել է, որ «յաշիկը» եղել է 41 PR 004 համարանիշի, որից հետո հայտնաբերվել է «յաշիկը» ու քննչական գործողությունների արդյունքում, որը տեւել է մի քանի ժամ, հաջողվել է հասնել նրան, որ Է. Հունանյանը ներկայացրել է ինքնաձիգն ու 2 փամփուշտատուփ։ Փամփուշտատուփերի մեջ եղել են մեծ թվով փամփուշտներ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 հատ պարկուճ, 1 փամփուշտ։ Փաստի առթիվ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ Է. Հունանյանը ձերբակալվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի Սեւանի հենակետի պետ, կոչումով կապիտան է։