Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ «EU4Sevan» բնապահպանական ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց

«EU4Sevan» բնապահպանական ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց

0

Մարտի 15-ին կայացավ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի առցանց մեկնարկը, որին ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ինչպես նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
EU4SEVAN ծրագրի նպատակն է բարելավել Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման եւ կառավարման, ինչպես նաեւ կեղտաջրերի մաքրմանն ուղղված լուծումների ներդրման կարողությունների հզորացումը պետական եւ մասնավոր շահառուների շրջանում: Ծրագիրը նաեւ կաջակցի էկոհամակարգի համար բարենպաստ եւ ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը: Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է բարձրացնել Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքներում: Միջոցառումը համախմբել էր EU4SEVAN ծրագրի իրականացման շահագրգիռ կողմերին: «Եվրամիությունը՝ Սեւանի համար» խորագրով նոր գործընկերությունը մեկ անգամ եւս ցույց է տալիս ԵՄ-Հայաստան խորին ներգրավվածությունը յուրօրինակ Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Եկե՛ք միասին հոգ տանենք Սեւանա լճի կայունության մասին»,- նշեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ողջույնի խոսքում պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի հետագա գործունեությանը եւ միջոցառումներին` որպես ծրագրի հուսալի գործընկեր: ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան իր հերթին կարեւորեց ծրագրի արդիականությունը Սեւանա լճի բնապահպանական իրավիճակի ներկա փուլում եւ գործընկեր կառույցների բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ համագործակցությունը:
Միջոցառման ընթացքում EU4SEVAN ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը ներկայացրեց Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրի նպատակները, խնդիրները եւ ակնկալվող արդյունքները:
Ի լրումն EU4SEVAN–ի հիմնական արդյունքներին, ծրագիրը նախապատրաստում է այս գարնանը Գեղարքունիքի մարզի մի շարք գետերի ափամերձ գոտիներում շուրջ 600,000 ուռենիների կտրոններ եւ պտղատու ծառեր տնկել, ինչպես նաեւ գետերի հուները եւ գետափերը մաքրել թափոններից՝ ապահովելով ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետեւանքներից առավել տուժած 750 բնակչի կարճաժամկետ զբաղվածությունը:

ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքների չեզոքացման շրջանակներում EU4SEVAN ծրագիրը նախատեսում է նաեւ աջակցել տեղացի ֆերմերներին՝ շուրջ 3 հա տարածքում մշակել կաղամբի նոր տեսակներ, ինչը, էկոհամակարգերի համար բարենպաստ մշակման արդյունքում, կսպառի երկու անգամ պակաս ջուր եւ կապահովի 2-3 անգամ ավելի եկամուտ:
EU4SEVAN ծրագրի կիրականացվի 5,7 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամի շրջանակներում, մինչեւ 2024 թվականի օգոստոս ամիսը:

Մեկնաբանել