Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Հանդիպումները միտված են նաեւ համայնքային առավել հրատապ խնդիրների վերհանմանը եւ լուծումներ...

Հանդիպումները միտված են նաեւ համայնքային առավել հրատապ խնդիրների վերհանմանը եւ լուծումներ գտնելուն․ Գեղարքունիքի մարզպետ

0

Երեկ՝ մարտի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սարուխան, Կարմիրգյուղ եւ Նորատուս համայնքներում: Համայնքապետարանների շենքերում մարզպետը հանդիպումներ ունեցավ համայնքների ղեկավարների, ավագանիների, մարզային եւ համայնքային ենթակայության կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների տնօրենների եւ համայնքի ակտիվի հետ:
Մարզպետը հանդիպումների ընթացքում նախ տեղեկացավ համայնքներում համավարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին եւ հորդորեց՝ լինել խիստ հետեւողական եւ պահպանել համավարակի դեմ պայքարի բոլոր կանոնները:
Այնուհետ Գնել Սանոսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Թումո» կենտրոնի համագործակցության եւ պայմանավորվածության արդյունքում իրենց համայնքներում առաջիկայում կտեղադրվեն Թումո տուփեր, որոնք հնարավորություն կտան տվյալ համայնքների , ցանկության դեպքում նաեւ հարեւան համայնքների դպրոցականներին՝ օգտվել տուփի ծառայություններից եւ ձեռք բերել նոր գիտելիքներ:

Մարզպետն առաջարկեց՝ համայնքների ավագանիների եւ ակտիվի հետ կազմակերպել քննարկումներ, ընտրել տուփի գործարկման համար պահանջվող չափանիշներին համապատասխան վայր եւ ներկայացնել մարզպետարան:
Այնուհետեւ Գնել Սանոսյանը խոսեց այս տարի տվյալ համայնքներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին, դժգոհություն հայտնեց ավագանիների գործունեությունից եւ առաջարկեց՝ ակտիվ գործունեությամբ բարձրացնել ավագանու ինստիտուտի դերը համայնքներում:
«Նման բաց քննարկումները միտված են նաեւ համայնքային առավել հրատապ խնդիրների վերհանմանը եւ դրանց արդյունավետ լուծում գտնելուն: Ես առաջարկում եմ՝ ակտիվ փոխգործակցություն ապահովել համայնքապետարանների, հանրակրթական դպրոցների եւ համայնքային ենթակայության կառույցների միջեւ, ինչից կշահեն մեր համայնքների բնակիչները:

Հետպատերազմյան իրավիճակում փորձեք ամեն մեկդ ձեր ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել, բարձրացնել մտահոգող խնդիրները եւ ներկայացնել համապատասխան կառույցներին։ Եղեք նախաձեռնող եւ նպատակասլաց, որպեսզի բոլորս միասին աջակցենք մեր երկրի շենացմանն ու հզորացմանը: Կանգնեք զոհված, անհայտ կորած եւ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կողքին, լսեք նրանց խնդիրները, որպեսզի փորձենք համատեղ աջակցել նրանց»,- նշեց մարզպետը:
Սարուխանի համայնքի ղեկավարը բարձրացրեց համայնքի ջրամատակարարման վիճակի բարելավման հարցը, թիվ 1, 2 եւ 3 միջնակարգ դպրոցների տնօրենները ներկայացրեցին դպրոցական շենքի տանիքի վերանորոգման, դպրոցական ճաշարանի եւ սանհանգույցների կառուցման խնդիրները: Գնել Սանոսյանը խոստացավ իր աջակցությունը՝ նշված խնդիրներին լուծում տալու համար:

Կարմիրգյուղում կայացած հանդիպման ընթացքում շոշափվեց Գավառագետի՝ Կարմիրգյուղով անցնող որոշակի հատվածի մաքրման անհրաժեշտության խնդիրը, մտքեր փոխանակվեցին համայնքային ենթակայության մշակութային հաստատությունների աշխատակիցներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ներգրավելու, համայնքում հյուրատներ ստեղծելու գաղափարի շուրջ:
Գնել Սանոսյանը խոստացավ աջակցել նաեւ Նորատուսի թիվ 1, 2 եւ 3 միջնակարգ դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին դպրոցական շենքի կենտրոնական ջեռուցման ապահովմանը, խորքային հորի եւ սանհանգույցների կառուցմանը, դպրոցի բակի ասֆալտապատմանը:

Մեկնաբանել