Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Գոգհովիտում անասուններին հարկադիր մորթի են ենթարկել. գյուղում բրուցելոզ է տարածվել

Գոգհովիտում անասուններին հարկադիր մորթի են ենթարկել. գյուղում բրուցելոզ է տարածվել

0

Շիրակի մարզի Գոգհովիտ բնակավայրում 59 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է հարկադիր մորթի ենթարկվել: Գյուղում բրուցելոզ է տարածվել: Հիվանդությունը հաստատվել է արյան նմուշառումների փորձաքննությամբ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Գոգհովիտի վարչական ղեկավար Սերգո Ավետիսյանն ասաց՝ արդեն մոտ 10 օր է՝ գյուղում նման վիճակ է:

«Եղածը մորթվում է, չի մնում գոմում: Բայց սա վարակիչ հիվանդություն է: Հիմա մսուրքի շրջան է, դուրս չեն գալիս անասունները. որը հիվանդ չէ, չի էլ հիվանդանա: Ինչ եղել, էղել է փակ գոմերի մեջը: Հիվանդ անասունի մորթից հետո վարակված անասնագոմերը պարտադիր ախտահանվում են»,- ասաց Սերգո Ավետիսյանը:

Վարչական ղեկավարը վստահեցնում է՝ հիվանդ անասունները որեւէ վաճառքի կետում չեն հայտնվում, նաեւ Գյումրու շուկա չեն հասնում: Դրանք տարվում են Վանաձոր:

«Հսկողություն կա, գյուղացիները չեն մորթում, շուկա դուրս չի գալիս: Հոր ենք փորել, հիվանդ կենդանուն տանում են փոսի մոտ, մորթում են, էդ արյունը, աղիքները լցնում են փոսը, փակում, հետո արդեն մորթված կենդանիների մարմինները տանում են Կիրովական: Ընդեղ ցեխ կա, իրանք ինչ-որ վերամշակում են, ես էդպես եմ լսել»,- ասաց Ավետիսյանը:

Ըստ Գոգհովիտի վարչական ղեկավարի, բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստում չկա, կենդանիները չեն պատվաստվում, իսկ մնացած միջոցառումներն իրականացված են: Տարեկան 2 անգամ արյուն է վերցվում:

Աշնանը եւս այս համայնքում հիվանդությունն արձանագրվել էր: Ընդամենը 3 գլուխ անասուն է սպանդի ենթարկվել: Այս պահին նոր դեպքերի հայտնաբերման համար արյան նմուշառումները գյուղում շարունակվում են։ Գյուղացիները վնասի փոխհատուցման ակնկալիք չունեն, քանի որ բրուցելոզ հիվանդությունը պետության կողմից փոխհատուցվող վարակների ցանկում ներառված չէ։

Մեկնաբանել