
Ինչո՞ւ են այս տարվա մարտին հաճախակի նկատվում ցուրտ օդային հոսանքների ներխուժումներ: Այս հարցի պատասխանն իր ֆեյսբուքյան էջում տվել է ՀՀ ՇՄ հիդրոօդերեւութաբանության ու մոնիտորինգի կենտրոնը՝ նշելով.
2021 թվականի մարտն աչքի է ընկնում առավել շեշտված եղանակակլիմայական պայմանների փոփոխություններով, որոնց պատճառը հյուսիս-արեւմուտքից նկատվող հաճախակի ցուրտ օդային հոսանքների ներխուժումներն են։

Այս երեւույթի հիմնական պատճառը Ռուսաստանի եվրոպական տարածքում այս տարի դիտված խիստ ցուրտ ձմեռն է: Ներկա պահին նույնպես Ռուսաստանի եվրոպական տարածքում եւ Եվրոպայում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 5-6 աստիճանով, առկա է կայուն ձնածածկույթ, որը նպաստում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների հարավ տեղաշարժվելիս քիչ տրանսֆորմացվելուն։
Այսօր նույնպես ՀՀ տարածքը գտնվում է հյուսիս-արեւմուտքից ներխուժած ցուրտ ճակատի ազդեցության գոտում, լեռնային եւ նախալեռնային շրջաններում տեղացել է ձյուն, օդի ջերմաստիճանը երեկվա հետ համեմատած նվազել է 5-6 աստիճանով։
Առաջիկա օրերին եղանակի անկայուն ռեժիմը պահպանվելու է, որը հատկապես նկատելի կդառնա մարտի 23-ից հետո Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցման պատճառով։