Գլխավոր ԵՐԵւԱՆ Խոչընդոտ չկա, որ արտահերթ ընտրություններն իրականացվեն համամասնական համակարգով. Բադասյան

Խոչընդոտ չկա, որ արտահերթ ընտրություններն իրականացվեն համամասնական համակարգով. Բադասյան

0

«Մենք համապատասխան դիրքորոշում կարտահայտենք, բայց կարծում եմ՝ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղհասարակության, թե՛ մեր հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ ՀՀ-ի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարարը:

Բադասյանի խոսքով՝ ռեյտինգային համակարգը տարիներ շարունակ համարվել է քողարկված մեծամասնական համակարգ, իսկ մեր երկրի համար ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է եւ նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, եթե լինի համամասնական համակարգ:

«Ընտրական օրենսգիրքն ԱԺ-ի կողմից արդեն դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով»,- հավելեց Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ եթե քաղաքական ուժերի ու հասարակության շրջանում լինի կոնսենսուս, եւ փոփոխությունները տեղի ունենան արագ, ապա որեւէ խոչընդոտ չկա, որ արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ մինչ հունիսի 20-ն ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը, Ռուստամ Բադասյանը նշեց, որ տեխնիկապես հնարավոր է. «Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ քննարկվել են Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, այդ առումով, կարծում եմ, երկու ընթերցում անցկացնել՝ Ընտրական օրենսգրքի բավական պարզ փոփոխություններ անելու համար, բավարար է»:

Հարցին՝ ե՞րբ է հրաժարական տալու Նիկոլ Փաշինյանը, Ռուստամ Բադասյան նկատեց՝ կարող ենք հետհաշվարկ անել հունիսի 20-ից սկսած. «Ոչ շուտ, քան 35 օր, ոչ ուշ, քան 50 օր հետո են տեղի ունենում արտահերթ ընտրությունները, այդ առումով կարող եք հետհաշվարկ անել, ես, ճիշտն ասած, չեմ արել»: Ճշտող հարցին՝ չկա՞ քաղաքական որոշում, թե կոնկրետ երբ է հրաժարական տալու վարչապետը, արդարադատության նախարարը հայտնեց՝ տեղյակ չէ:

 

Մեկնաբանել