
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
Մարտի 25-ին, կենդանու նկատմամբ առանձնակի դաժանության դեպք է արձանագրվել։ Հրազդան քաղաքում կենդանասեր Սուսաննա Անանյանը սարսափելի տեսարանի է ականտես եղել։

«Այսօր գերեզմանատների տակի մայրուղիով երթևեկում էինք, մեկ էլ դիմացից եկող մեքենա տեսանք, որը հետևից շուն էր քարշ տալիս։ Մեր մեքենայով շարժվեցինք նրա հետևից, մեկ էլ ի՞նչ տեսնեմ՝ վարորդը, իջել, մի հատ մեծ քար վերցրել ու խփում ա շան գլխին։ Ես հեռախոսով փորձեցի նկարեմ, բայց այդ սթրեսից շփոթվել եմ ու չեմ կարողացել։ Դուրս եմ եկել, ասում եմ՝ ի՞նչ ես անում, ո՞ղջ ա շունը, նա պատասխանում ա՝ կծում ա էտ շունը ու քարը ձեռքից գցեց։ Բղավում եմ, որ արձակի շանը, ասում ա՝ ինքը կծում ա գործ չունես։ Ես այդ տեսարանից պապանձվել էի, ոչինչ չէի կարողանում ասել։ Զանգել եմ աղջկաս, եկել է ու օգնել, որպեսզի շանը տեղափոխենք կենդանաբուժական կլինիկա։ Այդ մարդն էլ թողեց գնաց, ինքը չէր հասկանում, որ հանցանք է գործել, իրենց համար դա նորմալ ա։ Ասում էր՝ երեխայա կծել, հետո ասեց՝ ավտոյա խփել, հիմա ես չեմ հասկանում, թե ի՞նչ էին կոնկրետ արել, բայց շունը լրիվ ջարդուփշուր էր։ Մի հատ էլ վերջում կապել են մեքենայի հետևից ու քարշ տվել»,– պատմեց տիկին Անանյանը։
Ըստ կենդանաբուժական զննության՝ կենդանին ենթարկվել է ծանր ֆիզիկական տանջանքների։ Ըստ նախնական զննության՝ գլխին առկա են սուր ծակող գործիքով հասցված մի քանի վնասվածքներ, արնահոսություն է նկատվել կենդանու բոլոր արտաքին խոռոչներից՝ ականջներից, աչքերից, քթից, այդ թվում՝ նաև հետանցքից, որն ամբողջությամբ պատռված է։
Դեպքին արձագանքել է «Դինգո թիմ» ՀԿ–ն, ինչպես նաև բազմաթիվ կենդանասերներ և մտահոգ քաղաքացիներ։ Այժմ, նրանց ջանքերով կենդանուն ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն, սակայն նրա վիճակը շատ ծանր է։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկություններով արդեն իսկ ոստիկանություն է հրավիրվել Արամ Հարությունյանը, որը նման գործողություն է կատարել շան դեմ։
Նյութի աղբյուրը` Econews.am