Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքում Հյուսիս-Հարավի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել

Սյունիքում Հյուսիս-Հարավի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել

0

Նոյեմբերի 10–ից  հետո Հյուսիս-հարավ ծրագրի  Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծում որեւէ փոփոխություն չի կատարվել

Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագերի կառավարման եւ գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը։

Նա նաեւ հայտնել է, որ  ընթացիկ ծրագրերը կատարվում են ըստ պլանավորածի։ Օրերս Սյունիքի մարզի Քաջարան եւ Մեղրի քաղաքներում կայացել էր  Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրի հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը:

Ծրագրի պատվիրատուն  ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ն է, նախագծող կազմակերպությունը՝ «Այ Ար Դի Ինջեներինգ» եւ «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկությունը։ Նարեկ Զուլալյանը հայտնել է, որ ճանապարհահատվածը կունենա մոտ 45 կմ ընդհանուր երկարություն՝ ձգվելով Ագարակից  մինչեւ Քաջարան։ Դրանով կարելի է երթեւեկել 80 կմ/ժամ արագությամբ:

Քաջարան-Ագարակը տեղ-տեղ կհատվի գործող  Մ2 ճանապարհին։ «Առաջին 32 կմ-ը կսկսվի Ագարակի մաքսակետից՝ Մեղրիի շրջանցումով, կանցնի գործող Մ2 ճանապարհին զուգահեռ»,-պարզաբանել է  Ծրագերի կառավարման եւ գնումների դեպարտամենտի պետը: Նոր ճանապարհը Մեղրի-Ագարակ ճանապարհին կարող է այլընտրանք լինել։

Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհի առաջին հատվածի շինարարությունը՝ շուրջ 32 կմ, նախատեսվում է սկսել 2022 թվականին։ Որոշ հատվածներում այն կանցնի արդեն գործող ճանապարհով, որոշ հատվածներում՝ կառուցվի նոր ծրագրով։

Վերակառուցվելիք ճանապարհով կկրճատվի Քաջարան եւ Մեղրի համայնքներով տրանսպորտային երթեւեկությունը (նախատեսվում են համապատասխան շրջանցումներ), զուգահեռ շահագործվելու է նաեւ Մ-2 միջպետական ճանապարհի՝ այսօր գոյություն ունեցող հատվածը, եւ ցանկության դեպքում վարորդները կկարողանան երթեւեկել նաեւ հին ճանապարհով։

Ըստ նախագծի՝ կկառուցվեն կամուրջներ, տրանսպորտային հանգույցներ‚ թունելներ։ Բոլոր թունելները նախագծված են միջազգային չափանիշներին համապատասխան, կիրառվելու են անվտանգության մի շարք միջոցառումներ՝ հակահրդեհային պաշտպանություն, օդափոխման համակարգ, սեյսմակայունություն:

 

 

Մեկնաբանել