Գլխավոր ԾՆՈՒՆԴՈՎ՝ ՄԱՐԶԻՑ Զենքից՝ զարդ. գյումրեցի արվեստագետը կրակված փամփուշտներից «Խաղաղության խաչեր» է պատրաստում

Զենքից՝ զարդ. գյումրեցի արվեստագետը կրակված փամփուշտներից «Խաղաղության խաչեր» է պատրաստում

0

Խաղաղության կոչ գյումրեցի արվեստագետից: Գեղանկարիչ-զարդագործ Արտակ Թադևոսյանն արդեն 4.5 տարի զենքից զարդ է պատրաստում: Պարպված փամփուշտների պարկուճները նրա արվեստանոցում դառնում են խաղաղության խաչեր, խոսուն զարդեր:

Մշակվում, հղկվում են, և կիրառվում ոչ թե ընդեմ , այլ հանուն կյանքի: Պարկուճից առաջին զարդն արվեստագետը կնոջ համար է պատրաստել: Թեւնոցը Հայարփիին դուր է եկել: Արտակն էլ ոգևորվել ու իր մտքին սկսել է առավել սևեռուն գնալ ընդաաջ՝ փամփուշտներն այլևս պետք  է լռեն:

Արտակ Թադեւոսյանը

Արտակն աշխարհում արդեն հայտնի զարդերը պատրաստում է իր նկուղ-արվեստանոցում: Ասում է ամեն օր մեծ հպարտությամբ է մտնում, դուրս գալիս, ամեն աշխատանքից հետո առավել է ամրանում մայր հողին:

«Աշխատանքի համար սկզբում էսքիզներ էի անում, բայց աշխատելուց հետո  որպես կանոն տեսնում էի, որ վերջնական տարբերակն ընդհանրապես կապ չունի էսքիզի հետ: Հիմա որոշել եմ. աշխատում եմ առանց էսքիզի: Նստում ու սկսում եմ աշխատել. ես ու իմ էությունը: Իրար հետ հաշտ-համերաշխ աշխատում ենք: Սա է իմ հաջողության գաղտնիքը թերևս»,-ասում է Արտակը:

Եթե նախկինում մեկ-երկուսն էին նախընտրում Արտակի պատրաստած զարդերը գնել, պատկերն այսօր այլ է: Արծաթ ու ոսկի սիրող կանայք, թանկարժեք մետաղներ նախընտրողներն այսօր չեն խուսափում պարկուճից պատրաստված մատանի, վզնոց, թևնոց ու ականջօղեր կրելուց: «Կարծրատիպ է կոտրվել, գնում են անգամ նշանադրության համար»-marzer.am-ի հետ զրույցում ասաց Արտակը:

Պատերազմի օրերին Արտակը եղել է բանակի կողքին: Այդ ժամանակահատվածում  հատուկ աղոթքով ու հոգատարությամբ պատրաստած «Հաղթանակի Խաչը» նվիրել է բոլոր նրանց, որոնք ներկայացրել են  Հայաստան Համահայկական հիմնադրամին փոխանցած 20.000 և ավել դրամի կտրոնը:

Տևական դադարից հետո պատերազմի ժամանակ Արտակը դարակից կրկին վրձինն ու ներկերն է հանել: Կենաց ու մահու 44 օրերին նկարել է: Ասում է այդ աշխատանքներն էլ  է ծառայեցնելու հայոց բանակին: Վաճառվող յուրաքանչյուր նկարի գումարով օժանդակելու է վիրավորում ստացած զինվորներին:

Վերջին շրջանում, սակայն, զարդեր քչեր են գնում: Նրանց թիվն աստիճանաբար պակասեց համավարակի օրերին: Վերջակետն էլ դրեց պատերազմը: Արտակի արվեստանոցում վաղուց զբոսաշրջիկների խմբեր չկան: Հատուկենտ գնորդներն այս պահին հայերն են, հիմնականում գյումրեցիները:

Արտակն այս պահին մի քանի երկրից ցուցահանդեսի հրավեր ունի, մի քանի երկրից էլ հրավիրում են մշտական բնակության: Ցուցահանդեսներին կմասնակցի, գնալու մասին չի մտածում: Ասում է, որքան էլ դժար է այստեղ ապրելը, միևնույնն է պետք  է մնալ: Գնալ կարող են բոլորը, մնացողներն են երկիրը պահում:

Սամսոն Մատինյան, Marzer.am-ի Շիրակի մարզի թղթակից

Մեկնաբանել