
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային վիճակը վերջին օրերին շարունակում է մնալ խիստ լարված։ Առողջապահության նախարարությունը, ինչպես արդեն հայտնել ենք, ավելացրել է վերապրոֆիլավորված հիվանդանոցների թիվը՝ հասցնելով դրանք 19-ի։ Այս մասին հայտնում է armtimes.com-ը:
Վերապրոֆիլավորված հիվանդանոցների թվում է նաև Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնը։ Հիվանդանոցը երկրորդ անգամ վերապրոֆիլավորվել է այս տարվա մարտի 25-ին, մեկ շաբաթվա ընթացքում ընդունել է 40 հիվանդ: «Առողջապահության նախարարության աջակցությամբ մեզ մոտ նորից բացվել է համապատասխան բաժանմունք։ Ունենք 40 մահճակալ, նույնքան էլ՝ վիրուսով վարակված հիվանդ։ 5-6 հիվանդ էլ ունենք մեր մեկուսարանում, ովքեր սպասում են կորոնավիրուսի թեստի պատասխանին»,- մեզ հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը։

Նրա փոխանցմամբ, հիվանդանոցը 2020 թվականի հոկտեմբերից՝ երկու ամսվա ընթացքում, ընդունել է 200 հիվանդի, բայց այդ ժամանակ հիվանդներին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կամ այլ մասնագիտացված քովիդ հիվանդանոցներ, քանի որ Վանաձորի ԲԿ-ն դեռ համապատասխան բաժանմունք չուներ: Այն բացվել է մի փոքր ուշ և գործել մինչև դեկտեմբերի 25-ը։ Այժմ վերաբացվելուց հետո հիվանդանոցը ընդունել է տարբեր տարիքային խմբի հիվանդների, որոնք կա՛մ միջին ծանրության, կա՛մ ծանր վիճակում են։ 2021 թվականի փետրվար-մարտ ամսվա ընթացքում գրանցվել է մահվան երկու դեպք։ Հիվանդների ավելացման դեպքում տնօրենը կդիմի նախարարություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: