Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Երկարատև դադարից հետո կկարողանանք ընդունել մեր առաջին փոքրիկ հանդիսատեսին

Երկարատև դադարից հետո կկարողանանք ընդունել մեր առաջին փոքրիկ հանդիսատեսին

0
Սեւակ Սարգսյանը

Վանաձորի տիկնիկային թատրոնն առաջիկայում իր փոքրիկ հանդիսատեսին կներկայանա այլեւս վերանորոգված ու հարմարավետ դահլիճով: 2020 թ. վերջին համայնքային բյուջեի միջոցներով կատարվեց թատրոնի դահլիճի հիմնանորոգում, փոխվեցին հատակը, նստատեղերը, լուսային ցանցը, ձեռք բերեցինք լուսային և ձայնային տեխնիկա: Ընթացքի մեջ է սանհանգույցների վերանորոգումը: Դրանք այլևս օգտագործման ենթակա չէին: Մարզի միակ տիկնիկային թատրոնի խնդիրների, առաջիկա պլանների ու նոր խաղացանկի մասin Marzer.am-ը զրուցել է թատրոնի նորանշանակ տնօրեն Սեւակ Սարգսյանի հետ:

-Վանաձորի տիկնիկային թատրոնը հիմնադվել է 1994 թ.-ին: Ինչպիսի՞ ճանապարհ է անցել:

-Վանաձորի տիկնիկային թատրոնը հիմնադրվել է ծանր ժամանակաշրջանում, սակայն կարողացել է պահել իր դիմագիծը, չքայքայվել, չտրոհվել, այլ մնալ որպես տիկնիկային թատրոն՝ ի պատիվ հիմնադիր տնօրեն Սերգեյ Մելիքյանի: Թատրոնը նրա գործունեության ընթացքում կարողացել է շատ գեղեցիկ ավանդույթներ ձևավորել մարզում և մարզկենտրոնում: Ճիշտ է՝ տիկնիկային թատերախմբեր կան, սակայն որպես պրոֆեսիոնալ տիկնիկային թատրոն Վանաձորի տիկնիկայինը մարզում միակն է: Թատրոնն իր ունեցած հնարավորությունների սահմանում հնարավորինս կատարել է իր առաքելությունը: Հիմնադրման օրվանից մինչ օրս ակտիվ մասնակցություն է ունեցել համայնքային, մարզային և հանրապետական տարբեր փառատոնների, այլ միջոցառումների, ունի բազմաթիվ հավաստագրեր, շնորհակալագրեր: Որպես նորանշանակ տնօրեն իմ խնդիրն է այդ ավանդույթը պահպանել և կառույցի վրա ևս մեկ քար ավելացնել:

-90-ականները ծանր տարիներ էին, և մշակութային կենտրոններ պահելը շատ դժվար էր: Թատրոնը հաղթահարեց և հասավ մեր օրեր, թեև՝ խնդիրներով: Ինչպիսի՞ն են այդ խնդիրները:

— Ճիշտ է՝ տարիների ընթացքում վերանորոգման մասնակի աշխատանքներ տարվել են, բայց ամենամեծ խնդիրներից մեկը դահլիճի պայմաններն էին՝ սկսած հատակից, նստատեղերից, լուսավորությունից, բեմի տեխնիկական հագեցվածությունից և այլն: 2020 թ. վերջին համայնքային բյուջեի միջոցներով կատարվեց թատրոնի դահլիճի հիմնանորոգում, փոխվեցին հատակը, նստատեղերը, լուսային ցանցը, ձեռք բերեցինք լուսային և ձայնային տեխնիկա: Ընթացքի մեջ է սանհանգույցների վերանորոգումը: Դրանք այլևս օգտագործման ենթակա չէին: Ճեմասրահը ևս պետք է կոկիկ տեսքի բերել, որպեզի կարողանանք հանդիսատեսին ընդունել ավելի լավ պայմաններում: Այս ընթացքում մշտապես համայնքի ղեկավարի և ավագանու ուշադրության կենտրոնում ենք, և մեր ոչ մի դիմում, խնդրանք բացասական պատասխան չի ստանում: Անպայման ուզում եմ երախտագիտությունս հայտնել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ պարոն Գոռ Բադյանին: Շինարարության բոլոր փուլերում նա ոչ միայն վերահսկել է աշխատանքներն, այլև անձամբ մասնակցել դրանց: Սա մեզ համար կրկնակի պարտավորեցնող է: Մեր կողքին են նաև Գուգարաց թեմը, մեր ընկերները և իհարկե թատրոնի աշխատակազմը, որը լծվել է իր ձեռքով իր տունը շենացնելուն:

-Որքան էլ համայնքային միջոցներով աշխատանքներ տարվեն, առկա է շենքի հիմնանորոգման խնդիր, ինչը համայնքային բյուջեի միջոցներով դժվար հնարավոր լինի: Այլ հեռանկար տեսնո՞ւմ եք:

-Այս շենքն իսկզբանե կառուցված չի եղել որպես թատրոն, այլ եղել է ձմեռային այգի: Միայն 90-ականներին եղածի վրա փորձել են փոփոխություններ անել և ստանալ այն, ինչ կա: Շենքն ամբողջությամբ ապակեպատ է: Ես հույս ունեմ, որ մի օր հնարավորություն կունենանք այն ամբողջությամբ հիմնանորոգել: Ծնողի համար, բնականաբար, կարևոր է, թե իր երեխան ինչ պայմաններում ներկայացում կդիտի: Եղած վատ պայմանների պարագայում մինչ օրս ունեցած հաճախելիության ցուցանիշը մխիթարող է: Հետևաբար, վերջին բարեփոխումները թույլ են տալիս մտածել, որ ցուցանիշը դրական փոփոխություն է արձանագրելու: Մենք բեմի պայմաններն այնպես ենք վերափոխել, որ կարողանանք ունենալ ոչ միայն տիկնիկային, այլև դերակատարներով խաղարկային ներակայացումներ, ընդունել համերգային ծրագրեր և այլն: Սա ևս լրացուցիչ խթան կհանդիսանա հանդիսատեսի հոսքի և լրացուցիչ եկամուտների համար, ինչը կնպաստի պայմաններն ավելի բարելավելուն:

-Ինչպիսի՞ն է խաղացանկը: Նախատեսվո՞ւմ են նոր ներակայացումներ:

— Ցավոք, 2020 թ.-ին թատրոնը չկարողացավ իր գործունեությունը կազմակերպել ինչպես հարկն է, համաճարակն իր սև  գործն արեց, պատերազմը՝ ևս: Թատրոնն ունի խաղացանկային ներկայացումներ, որոնց մեջ կան ոչ միայն հայ, այլև արտասահմանյան  հայտնի հեղինակների ստեղծագործություններ: Մեր խնդիրն է՝ պահպանել եղած խաղացանկը, նաև կատարել թարմացում: Այս պահին ընթացքի մեջ են Թումանյանի «խելոքն ու հիմարը» հեքիաթի հիման վրա ստեղծված նոր տիկնիկային ներկայացման փորձերը, աշխատում ենք նաև ոչ տիկնիկային մանկական ներկայացման վրա, որը նույնպես առաջիկայում կհանձնենք հանդիսատեսի դատին: Ապրիլ ամսվա մեջ երկարատև դադարից հետո կկարողանանք ընդունել մեր առաջին փոքրիկ հանդիսատեսին: Նախատեսում ենք համագործակցել  Երևանի տիկնիկային թատրոնի, ինչպես նաև այլ ռեժիսորների հետ, ովքեր ունեն ձեռագիր: Այս պահին էլ բանակցային գործընթացի մեջ ենք ռեժիսորներից մեկի հետ, որպեսզի այս տարվա մեջ կարողանանք ունենալ նոր ներկայացումներ: Թատրոնի համար շատ կարևոր է ձեռագրերի բազմազանությունը: Սա հանդիսատեսին ընտրության լայն հնարավորություն կտա: Մեծ հույս ունենք, որ հունիսի 1-ին կկարողանանք տիկնիկային թատրոնում իսկական տոն ստեղծել փոքրիկների համար:

-Ի՞նչ կմաղթեք արվեստասեր հասարակությանը և արվեստագետներին Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ:

-Առաջին հերթին բոլորիս մաղթում եմ  խաղաղություն, որովհետև եթե չկա խաղաղություն, ապա չկա ոչինչ: Մաղթում եմ ստեղծագործական նոր գաղափարներ, գեղեցիկ բեմադրություններ, միշտ ջերմ հանդիսատես:

Հերմինե Զարմանյան, Marzer.am Լոռի

Մեկնաբանել