
Սեպտեմբերի 26-ին Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից: Թե որ համայնքներում կլինեն ընտրություններ՝ նախարարությունից չհստակեցրին:

Խնդիրն այն է, որ նախ կորոնավիրուսով, ապա նաեւ պատերազմով պայմանավորված Հայաստանում մեկ տարուց ավելի է՝ ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվում:
Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների, վերջին անգամ համայնքի ղեկավարի ընտրություն անցկացվել է 2020 թվականի մարտի 3-ին՝ Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Տուֆաշեն եւ մի շարք այլ համայնքներում:
Բազմաթիվ այլ համայքներ, որտեղ կամ լրացել է համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը կամ նրանք հրաժարական են տվել ժամկետից շուտ, բավական երկար ժամանակ է՝ ընտրովի պաշտոնները թափուր են:
Օրինակ, Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 15-ին: Սա նշանակում է, որ այս տարվա փետրվարի 22-ին լրացել են այդ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունները:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:
Այսպիսով, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է պաշտոնակատարը, ինչը հնարավոր չէ կիրառել ավագանու բացակայության պարագայում:
Այս հանգամանքը մի շարք համանքներում խնդիրներ է առաջացել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքական գործիչները:
Խոսքն, օրինակ, համայնքների բնականոն գործունեությունը խաթարվելու մասին է. ավագանու չգործելու դեպքում չեն հաստատվում համայնքային բյուջեները, չեն հատկացվում սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավորումները, անհնարին է դառնում ավագանու լիազորություններով պայմանավորված բազմաթիվ գործառույթների իրականացումը: Բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ են հողհատկացումներ, ինչը նույնպես հնարավոր չէ առանց ավագանու որոշման:
Սրանով պայմանավորված, նույնիսկ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ:
Առաջարկվում է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ թույլ տալ այն համայնքներում, որտեղ ավագանու լիազորությունները լրանում են, իսկ ընտրություն չի անցկացվում՝ ունենալ ներկայացուցչական մարմին և լուծել համայնքային բազմաթիվ խնդիրներ:
Հայաստանում նախորդ տարվա սեպտեմբերից հայտարարված ռազմական դրությունը այս տարվա մարտի 24-ին վերացվեց: Թեեւ նման պարագայում վերը նշված նախագծի կարիքն, ըստ էության արդեն չկա, բայց չի բացառվում, որ այն ամեն դեպքում ընդունվի:
Մինչ այդ, ՏԻՄ ընտրություններ տեղի չեն ունենա սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։