
«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Կոտայքի, Գորիսի եւ Մարտունու բաժնի ծառայողները։ Կոտայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ դիմել է Բյուրեղավանի բաժանմունք ու հայտնել, որ Ջրաբեր գյուղից Ֆանտան գյուղ տանող ճանապարհից հրազեն է գտել։ Նշված տարածքում Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 27 փամփուշտով։ Ապրիլի 2-ին ոստիկանության Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Խնձորեսկ գյուղի սկզբնամասում պարկով զենք-զինամթերք է թողել։

Նրա նշած վայրում Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ եւ 7,62 մմ տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաեւ Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Միջոցառումները շարունակվում են։