Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գյումրու բուժհաստատությունների վերամիավորման գործընթացը կավարտվի ամռանը

Գյումրու բուժհաստատությունների վերամիավորման գործընթացը կավարտվի ամռանը

0

 Գյումրու բուժհաստատությունների վերամիավորման գործընթացը կավարտվի ամռանը: Գործընթացի արդյունքում  «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ կմիավորվի Գյումրու ծննդատունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, ծննատունը   կշարունակի գործել իր շենքերում, բայց վերանորոգված, նոր սարքավորումներով ու առանց կուտակված պարտքերի։

Առաջին անգամ օպտիմալացում է իրականացվել ոչ թե բուժհաստատությունը շենքային պայմաններից զրկելով, այլ հակառակը՝ վերանորոգելով, պահպանելով: Բուժանձնակազմի կրճատումներ, ըստ «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի, չեն լինի:

«Որոշումը կայացրել է նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նա գիտեր ծննդատան ծանր վիճակի, կուտակված պարտքի մասին: 120 մլն պարտքը մեծ թիվ է, բայց խնդիր չենք տեսել: Երբ իրավական հարցերը կարգավորվեն, ծննդատունը վիրահատությունների համար իրավունք կունենա օգտվել բժշկական կենտրոնի լապորոսկոպիկ եւ այլ սարքավորումներից ու մասնագետների միջամտություներից»,- նշում է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենը: Շենքային պայմանների բարելավում, բուժսարքավորումների համալրում-նորացում եւ կադրերի վերապատրաստում՝ Գյումրու ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանն ասում է, որ աշխատանքի անցնելու առաջին օրվանից այս երեք կետի իրականացմանն է ձգտել: Արդեն իսկ, ըստ վիճակագրության,  ծնունդների թիվն ավելացել է: Նախորդ տարվա մարտին ունեցած 18-ի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում Գյումրու ծննդատանը 45 երեխա է լույս աշխարհ եկել:

Գյումրու բուժհաստատությունների վերամիավորման գործընթացը կավարտվի  ամռանը: Գործընթացի արդյունքում «Գյումրի» բժշկական կենտրոնին կմիանան նաեւ ուռուցքաբանական դիսպանսերը եւ պաթոլոգաանատոմիական լաբորատորիան։ Բուժհաստատությունների միավորումը բժշկական կենտրոնի հետ նույն պատճառներն ունի՝ շենքային ոչ բարվոք պայմաններ, բուժսարքավորումների պակաս եւ ֆինանսական խնդիրներ։

Մինչ այս բժշկական կենտրոնի կազմի մեջ էին մտել Շիրակի մարզային, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական եւ Սամարիթեր հիվանդանոցները:

Արմենուհի Մխոյան

 

Մեկնաբանել