Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ այսօր քարեր են նետվել. կա անվտանգության գոտու հրատապ...

Սյունիքում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ այսօր քարեր են նետվել. կա անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտություն. ՄԻՊ

0

Ադրբեջանական զինվորականների կողմից Սյունիքում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հաստատում է անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐման Թաթոյանի գրառման մեջ: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան — Երեւան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:

Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջեւ ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ:

Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել է Կապան համայնքի ղեկավարը եւ նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական` ուղեւորներով, հայաստանյան համարանիշով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված եւ միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության եւ կենսական կարեւորության այլ իրավունքների:

Այս միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի:

Սյունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ եւ համայնքների միջեւ ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաեւ կներառի անվտանգության գոտու հայեցակարգում

Մեկնաբանել