
Արդեն 3 օր է, Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակիչները հայտնվել են անօգնական վիճակում։ Ապրիլի 12-ին, shamshyan.com–ի հետ զրույցում գյուղի բնակիչներն ասում էին. «3 օր է, ողջ գյուղը հոսանքազրկվել է, պատճառը ոչ թե սպառված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումներն են, գյուղը կանոնավոր վճարումները կատարում է, այլ այն, որ 3 օր առաջ ուժեղ քամու հետեւանքով դաշտերով անցնող բարձր լարման էլեկտրասյուներից 8 հատը կոտրվել եւ շուռ են եկել։
Դիմել ենք թեժ գիծ, Արարատի մարզպետարան, անգամ վարչապետի աշխատակազմ, բայց՝ ոչ մի օգուտ։ Խանութներում միլիոնների հասնող մսամթերքը, կաթնամթերքը, պաղպաղակները, տորթերն ամբողջովին փչացել են։ Ո՞վ է փոխհատուցելու մեր կրած վնասը։ Խեղճ գյուղապետը 3 օր է՝ տեղը չի գտնում, առավոտից իրիկուն փորձում է հարցը կարգավորի, բայց անզոր է։ Էրեկ նորից զանգահարել ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղ, մեզ ասում են, թե ճանապարհերը ցեխոտ են, ավտոն էդտեղով չի կարա գնա… լրիվ հեքիաթ։ Էսօր նոր «Արաքս» մասնաճյուղից բանվորների խումբ է եկել ու սկսել են աշխատանքներ կատարել։ Դա հարցի լուծում չի։

Մեր խնդրանքն ու պահանջն է, որպեսզի դաշտերի միջից տեղափոխեն դեռ Սովետի տարիներից եղած ու դարն ապրած էլեկտրասյուները եւ ճանապարհի եզրին տեղադրեն նոր բետոնե էլեկտրասյուններ, ինչը, վստահ ենք, 100 տարոց ավելի կշահագործվի։ Երջանիկ պատահականություն է, որ էլեկտրասյունների տապալման ժամանակ դաշտում գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս չեն եղել, թե չէ, չէր բացառվում, որ մարդկային կորուստներ լինեին»։ Գյուղացիները պատրաստ են, եթե հիմնովին չլուծվի հարցը, ապա դիմելու են կտրուկ ու ծայրահեղ միջոցների, քանի որ էլեկտրոցանցի քար անտարբերության պատճառով միլիոնների վնաս են կրել ու հոսանք չլինելու հետեւանքով էլ ողջ գյուղը 3 օր է, նաեւ ջրի խնդիր ունի, քանի որ ջուրը սպասարկվում է «նասոսներով», իսկ եթե հոսանք չկա, բնականաբար, «նասոսները» չեն աշխատի։