Գլխավոր Հասարակություն Ամանորին կհանգստանանք 3 օր. կառավարությունը հավանություն տվեց տոնական օրերի թիվը կրճատելու մասին...

Ամանորին կհանգստանանք 3 օր. կառավարությունը հավանություն տվեց տոնական օրերի թիվը կրճատելու մասին նախագծին. դեմ էր 1 հոգի

0

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» օրենքի փոփոխություններին:

Հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը:

«Նախագիծն ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը: Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում է 10-ը օր, որի ընթացքում խրախճանքի 10-օրյակ է մեր երկրում հայտարարվում»,- ասաց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի ապագայով հետաքրքրված եւ դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի՝ գործարարները, բիզնեսը, ամբողջ տնտեսությունը, չեն կարող թույլ տալ նման շռայլություն:

«Այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ մոտ 1.5 տոկոսով: Համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից առեւտրի թողարկումը կավելանա 47․5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով եւ այլն: Սրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի մենք կարողանանք մեզ թույլ տալ հրաժարվել այս օրերին աշխատելուց»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նշեց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն այս հարցի լուծմանը զուգահեռ: Մասնավորապես՝ աշխատողների իրավունքների պաշտպանությունը, որպեսզի ցանկացած աշխատող կարողանա աշխատել արդյունավետ եւ հանգստանա այնքանով, որքան դա իրեն վերապահված է ՀՀ օրենքներով եւ դրան համապատասխանաբար վճարվի:

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջարկում է խուճապի չմատնվել արվող առաջարկից: Նա նշեց, որ ամեն տարի այս թեմայով քննարկումներ են եղել. «Առնվազն 5-6 տարի է՝ այս թեմայով քննարկումներ են լինում: Հիմա առաջարկում ենք այսօրվանից թեման քննարկել, փորձենք հասկանալ, թե այս առումով մենք ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձեւավորել: Սա շատ նուրբ, բայց նաեւ շատ կարեւոր հարց է: Սա ոչ միայն տնտեսական խնդիրների հետ է կապված, այլ նաեւ՝ առողջապահական»:

Վարչապետը նշեց, որ դեռ պետք է խոր ուսումնասիրել՝ տվյալ ժամանակահատվածում մարդիկ իրականում հանգստանում ե՞ն, թե՞ ձեռք են բերում նորանոր առողջական խնդիրներ:

«Այստեղ բազմաթիվ շերտեր կան՝ սկսած սովորույթից, ավանդույթից, վերջացրած դրա գործնական կիրառմամբ: Հետեւաբար ես կարծում եմ, որ մենք հիմա ընդունում ենք օրենքի նախագիծը, որը պետք է շրջանառվի, ընթերցումներ անցնի Ազգային ժողովում, եւ մինչ այդ էլ, բնականաբար, բարձրաձայնում ենք թեման՝ հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար: Հասկանալու համար, թե, ի վերջո, ինչ քննարկումներ կան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ սա ոչ թե վերջնական քաղաքական որոշում է, այլ ավելի շատ առաջարկ է, որն արվում է հանրությանը՝ մտածելու համար, քանի որ միշտ այս թեմաները ծագում էր հունվարի 8-ին կամ 9-ին կամ դեկտեմբերի 20-ին. «Ես առաջարկում եմ խնդրին մոտենալ այս տրամադրության մեջ: Մտածելու բավականին երկար ժամանակ ունենք»:

Քերոբյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում, չհաշված Ռուսաստանը, ՀՀ-ն միակ երկիրն է, որ այսպիսի երկար Նոր տարի ունի. «Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը ընդամենը 1-2 օր են հանգստանում»:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ ներկայացվող նախագծին իր ղեկավարած նախարարությունը դեմ է այս տեսքով:

«Բացի փակ տնտեսությունը, սա նաեւ աշխատանքային օրենսգրքով քաղաքացիներին հանգստի իրավունքի ամրագրման սոցիալական երաշխիքներ է ապահովում: Այս 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումը էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը»,- ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով՝ թեեւ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է, որ հանգստյան օրերի քանակով ՀՀ-ն գերազանցում է մի շարք երկրների, նման տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում միջին երկրների մակարդակի հետ գործող կարգավորումներով. «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տոների եւ հիշատակի օրերի ժամանակ, եթե համարվում են ոչ աշխատանքային օրեր, եւ եթե դրանք համընկնում են շաբաթ-կիրակի օրերի հետ, փոխարինում են լրացուցիչ օրերով: Այսինքն՝ օրենսդրությամբ քաղաքացին, անկախ օրացույցային կարգավորումներից, ամրագրված ունենում է իր հանգստյան օրերի թիվը, ինչը Հայաստանում չկա»:

Նախարարը նշեց, որ այդ պարագայում առնվազն միշտ 3-4 օր օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրեր շաբաթ-կիրակիի հետ է համընկնում, եւ կորցնում ենք. «Նույն տրամաբանությամբ նաեւ հունվարի 1-ից 7-ի ոչ աշխատանքային օրերից 2-ը շաբաթ-կիրակի է ընկնում, եւ համարվում են ոչ աշխատանքային: Այնպես չէ, որ 7 օր չենք աշխատում: Նույն օրինակը՝ առաջիկայում ապրիլ-մայիս ամիսներին 3 ոչ աշխատանքային օր կա, որը հիշատակի եւ տոն օր է, բայց 3-ն էլ շաբաթ եւ կիրակի օր է, ինչը էականորեն խաթարում է աշխատակիցների հանգստի իրավունքը»:

Անդրադառնալով Քերոբյանի բերած տնտեսական հիմնավորումներին՝ Առաքելյանն ասաց, որ այդ հիմնավորման մեջ ՀՆԱ-ի թվերը հաշվարկել են միայն աշխատանքային օրերով. «Այնպիսի տպավորություն է, որ ոչ աշխատանքային օրերին Հայաստանում ՀՆԱ չի թողարկվում: Ընդ որում, ձեր նշած տնտեսության կառուցվածքում 2 կարեւոր ոլորտ կա՝ առեւտուրն ու ծառայությունները: Բնական է, որ առեւտուրն ու ծառայությունները ոչ աշխատանքային օրերին ավելի շատ ՀՆԱ են թողարկում՝ հանգիստ, հյուրանոցներ, առեւտուր: Պարզ ասած՝ Նոր տարվա օրերը ինչքան երկար են, այնքան առեւտուրն ավելի շատ է լինում, մարդիկ ավելի շատ են գնում հանգստյան տուն: Այսինքն՝ հունվարի այդ 7 օրվա ընթացքում ներքին տուրիզմը բում է ապրում: Իսկ դրա աշխատանքային լինելու դեպքում ներքին տուրիզմը Նոր տարվա համար գրեթե վերանալու է ու տնտեսության վրա լուրջ անդրադարձ է ունենալու»:

Նախարարը նշեց, որ տոն օրերին տնտեսությունն ամբողջությամբ գրեթե աշխատում է՝ առեւտուրը, սպասարկումը, բանկերը, բոլորն աշխատում են:

Արձագանքելով Քերոբյանն ասաց, որ իրենց վերլուծական կենտրոնը բավական խոր ուսումնասիրել է այդ հարցերը. «Մի կողմից դուք ճիշտ եք, բայց մյուս կողմից ես կարող եմ ասել, որ բազմաթիվ ռեստորաններ, խանութներն են փակ այդ օրերին, եւ ընդհանրապես ամեն ինչը կանգնած է: Այնպես որ այս թվերը ես կասկածի տակ չէի դնի, որովհետեւ իսկապես սա այն նախագծերից է, որտեղ մենք փորձել ենք մաքսիմալ թվերով հիմնավորել»:

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ այսօրվա Հայաստանում մեծ խնդիր է այն, որ աշխատողներն իրենց օրինական արձակուրդային օրերը ամբողջությամբ չեն յուրացնում:

Վարչապետն առաջարկեց թույլ տալ, որպեսզի նախագիծը դրվի շրջանառության մեջ, եւ քննարկումներ տեղի ունենան:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, որ ճիշտ հավասարակշռությունն է պետք գտնել. «Պարոն Քերոբյան, ասում եք՝ պատրաստ եք պաշտպանել ձեր հաշվարկները, բայց մենք էլ պատրաստ ենք պաշտպանել մեր փաստարկները, որ ամենեւին փաստ չէ, որ 88.5 մլրդ դրամ անպայման ՀՆԱ է գեներացվելու այդ 5 օրերի ընթացքում: Կան նաեւ բացասական ազդող գործոններ, որոնք, մեր պատկերացմամբ, մեթոդաբանության մեջ հաշվի չեն առնվել»:

Ջանջուղազյանի կարծիքով՝ ավելի կարեւոր է ուղղությունը եւ ոչ թվերը:

Մեսրոպ Առաքելյանն առաջարկեց 5 աշխատանքային օրերի փոխարեն կրճատել 3 օր՝ հունվարի՝ 4, 5, 7-ը. «Պարոն Քերոբյան, որ մի շարք երկրներում հունվարի օրերը աշխատանքային են, դա պայմանավորված է Սուրբ Ծննդյան դեկտեմբերյան տոներով: Արեւմտյան երկրներում հակառակն է՝ դեկտեմբերի 25-ից չեն աշխատում»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ասաց, որ այն երկրները, որտեղ Սուրբ Ծննդյան օրերը Նոր տարուց առաջ են, 2 ոչ աշխատանքային օր կա:

Այսպիսով՝ Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, եւ այն կուղարկվի ԱԺ: Որոշմանը դեմ քվեարկեց միայն Մեսրոպ Առաքելյանը:

 

Մեկնաբանել