
ԱԺ նիստին ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նշեց, որ պատերազմում վիրավորված տղաները աջակցություն ստանալուց մի շարք խնդիրների են բախվում:
«Քաղաքացին պատերազմում վիրավորում է ստացել, երկու օր ստացիոնար բուժվել է, հայրենասիրությունից դրդված՝ չի շարունակել բուժումը եւ մեկնել ռազմաճակատ։ Ինչ-որ չափանիշ է սահմանված, որ 3 եւ ավելի օր ստացիոնար բուժում ստացողները աջակցություններից օգտվում են, իսկ այն քաղաքացիները, որոնք չեն սպասել բուժման ավարտին, դուրս են մնում ծրագրերից։ Ստացվում է՝ հայրենասիրությունը ստորադասվում է ինչ-որ առումներով։ Խնդում եմ այլ մեխանիզմներ մշակել, որ այդ քաղաքացիները նույնպես կարողանան օգտվել 500 հազար դրամի աջակցությունից»,-ասաց պատգամավորը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հորդորեց նման ցանկացած դեպքի վերաբերյալ տեղեկացնել Կառավարությանը, որպեսզի ինդիվիդուալ լուծումներ տրվեն:
«Բարդ հարց եք բարձրացնում, որը վերաբերում է շահառուների նույնականացման կանոններին, բայց կան բաղադրիչներ, որոնց գնահատականը պետք է տրվի առանձին կամ գոնե դուք պետք է տաք, որ մենք շահառու դարձնենք: Պատկերացնու՞մ եք, եթե մենք 3 օրվա փոխարեն դնենք, օրինակ, 1 օր, կամ ընդհանարապես պահանջ չդնենք ստացիոնար բուժման, ինչ կկատարվի, մենք կունենանք շահառուների անկառավարելի շրջանակ եւ ուղղակի ի վիճակի չենք լինի այդ միջոցառումն իրականացնել ո՛չ ֆինանսական, ո՛չ կազմակերպչական իմաստով։ Այդ դեպքում տեղի կունենա հետեւյալը՝ ցանկացած անձ, որը կունենա վնասվածք, կհանդիսանա նաեւ շահառու»:
Պատգամավորն արձագանքեց՝ եղել են դեպքեր, որ քաղաքացին, օրինակ, ոտքի թեթեւ վնասվածք է ստացել ու 3 եւ ավելի օր ստացիոնար բուժվել, ստանում է աջակցություն. «Ես առաջարկում եմ, որ ոչ թե օրերով սահմանվի աջակցությունը, այլ վիրավորման ծանրությունով, դրանով առաջնորդվեք, որպեսզի անարդարություն չլինի ու որպեսզի հայրենասիրությունը չստորադասվի»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ համաձայն է պատգամավորի դիտարկման հետ: