Գլխավոր Հասարակություն Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

0

Եզակի կառույց

Հոգեւոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որեւէ արատը սքողելու:

Տասնամյակների իշխանությունը եւ տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել — իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով եւ սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում:
Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում եւ ըստ այդմ ծերունիների եւ ասպարեզից հեռացածների արատները նրան սպասում էին տասնամյակների հեռվում կամ գուցե ամենեւին էլ չէին սպասում, որովհետեւ եզակի ձուլվածք էր:

Ի դեմս Կարեն Դեմիրճյանի՝ մեր բոլորիս համար եւ եթե կուզեք ողջ աշխարհի համար գտնված էր մեզ շատ անհրաժեշտ ամենաօպտիմալ այն տարբերակը, որ այսօրվա մեջ իր այլընտրանքը մեզանում չունի, որ բացառիկ նվեր էր այսօրվա մեր շաղված-շփոթված երթին, եւ միայն թշնամու աչքը կնկատեր՝ որ հարկ է այդ անհատին վերացնել՝ երթը դարձյալ խուճապի, շփոթի, անվստահության ու տագնապների ալեկոծումին հանձնելով:
Նրա սոսկական ներկայությամբ իսկ՝ մենք մեզ հավաքում էինք, մենք վերագտնում էինք մեզ — մեզ՝ երեկվա մեծ ու բարի հայրենիքի որդիներիս՝ լայնախոհ, անվեհեր, պարկեշտ, գորովով ու միամիտ սիրով առլեցուն աշխարհի, միմյանց ու ինքներս մեր հանդեպ: Այսօր այսքան ծանր հորիզոնները ետ էին քաշվում մեր քայլի առջեւ եւ ժամանակն ու աշխարհը լայն էին — որովհետեւ ի սկզբանե էր մարդը, իսկ Կարեն Դեմիրճյանի ներկայությունը մեզ գտնել էր տալիս մեր այդ բարձր ու շիտակ մարդուն:

Հրանտ Մաթեւոսյան

Մեկնաբանել