Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Ալիեւը խոսել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու եւ Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին....

Ալիեւը խոսել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու եւ Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին. ՄԻՊ-ը՝ հայտարարության մասին

0

Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցով Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով:

Նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու եւ Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»:

Այս մասին ֆեյսբուքյա իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շարունակելով.

Դրանից առաջ էլ՝ 2021թ. ապրիլի 12-ի եւ 13-ի ելույթներով, օրինակ, Ադրբեջանի նախագահը բացահայտ նշում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն եւ այլն: Փոխարենը՝ ի ցույց է դնում, իր կարծիքով, Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց հայ ժողովրդի հետ համեմատությամբ համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ են: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես է անում հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական նման պետական քաղաքականությունն է ընկած պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների, կենդանի մարդկանց գլխատումների, խոշտանգումների եւ այլ պատերազմական հանցագործությունների հիմքում:

Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարեւանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:

Հաայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին:

Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ:

Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր պատերազմական հանցագործություններ ապագայում:

Մեկնաբանել