Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Առկա ամբողջ արտադրանքը կարտահանվի ԱՄՆ. Վահան Քերոբյանն այցելել է չրագործական ընկերություն և...

Առկա ամբողջ արտադրանքը կարտահանվի ԱՄՆ. Վահան Քերոբյանն այցելել է չրագործական ընկերություն և պիստակի այգի

0

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 12-ին այցելել է Արմավիրի մարզ՝ «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերության գործունեությանը ծանոթանալու և Կողբավանում 2019 թվականին հիմնադրված պիստակի այգում իրականացվող աշխատանքները դիտարկելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Արմավիր ֆրութ» ընկերության տնօրեն Հայկ Մանուկյանիուղեկցությամբ նախարարն այցելել է չրի արտադրամաս, ծանոթացել այնտեղ ներդրված տեխնոլոգիաներին, հետևել չրերի արտադրության ու պահեստավորման գործընթացին, ինչպես նաև գործարանի լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին։

Ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունն իր արտադրությունը սկսել է 2020 թվականին։ Վերջինիս հիմնական գործունեությունը գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ սև սալորի վերամշակումն է և հայկական էկոլոգիապես մաքուր չորամրգերի արտահանումն ԱՄՆ։ Հայկ Մանուկյանի փոխանցմամբ առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը և ավելացնել արտահանման ծավալները։

Ընկերությունն առաջին տարում փորձնական մթերումներն իրականացրել է տարբեր մարզերից, սակայն հիմնական մատակարարները Արմավիրի մարզի գյուղացիներն են։ Արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերութունը քայլեր է ձեռնարկում նաև հումքի վերամշակումից ստացվող մնացորդների ամբողջական վերամշկման ուղղությամբ։ Իսկ առկա ամբողջ արտադրանքը ներկա պահին ընկերությունը պատրաստվում  է արտահանել ԱՄՆ։

Ընկերությունում ներդրված են թունելային վառարաններ, որոնց միջոցով էլ իրականացվում է մրգերի չորացումը։ Նախորդ տարվա կտրվածքով ընկերությունը փորձարկել է ներդրված թունելային վառարաններից մեկը և ստացել մոտ 4 տոննա ծիրանի և 50 տոննա սալորաչիր։ Ներկայումս ընկերությունը գործարկում է երկու թունելային վառարան։

Պատրաստման փուլում են ևս 10-ը, որոնցից առաջիկայում կգործարկվեն 4-ը։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներդնել շուրջ 50 թունելային վառարան։ Արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ-ից, Չիլիից, Արգենտինայից և Չինաստանից։

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը եղել է նաև «Արմեն ֆրութ ընդ նատ» ՍՊԸ կողմից Կողբավանում հիմնված 1100 հա տարածքով պիստակի այգում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և խոսել ընկերության գործունեության զարգացման հնարավորությունների մասին

2020 թվականին այգու տարածքը կազմել է 60 հա, այս տարվա ընթացքում նախատեսվում է այն ընդլայնել ևս շուրջ 85 հեկտարով։ Մոտակա տարիներին հայկական արտադրության պիստակները կհամալրեն միջազգային շուկաներ արտահանվող հայկական ապրանքատեսակների շարքերը։

Կարևորելով հայկական արտադրության՝ արտասահմանյան շուկաներում ներկայացվածությունը և արտահանման ծավալների մեծացումը՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը իրենց բիզնես պլանի իրագործման գործընթացքում առաջացող ընթացիկ խնդիրների արագ և արդյունավետ լուծման հարցերում։

Մեկնաբանել