Գլխավոր ԵՐԵւԱՆ Երեկ կամրջից նետվել սպառնացած երիտասարդը այդ քայլին դիմել է 10 անգամ. նա...

Երեկ կամրջից նետվել սպառնացած երիտասարդը այդ քայլին դիմել է 10 անգամ. նա ներկայացնում է իր պատմությունն ու դրդապատճառը

0

Դուրս գալուց հետո նա համաձայնեց զրուցել մեզ հետ, պատմել իր պատմությունն ու պարբերաբար կամրջի վրա հայտնվելու պատճառների մասին խոսել: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Ռազմիկը մանկատան սան է: Արդեն մի քանի ամիս է՝ անօթեւան է: Ասում է՝ պետության աջակցությամբ Քանաքեռի նախկին հանրակացարանում ձեռք բերած բնակարանը հրդեհվել է, պատկան մարմիններին այդպես էլ չի հաջողվել պարզել պատճառը: Իսկ առանց նորոգման այնտեղ այլեւս ապրել հնարավոր չէ, ու հաճախ գիշերները դրսում է լուսացնում:

Մանկատնից հեռանալուց հետո երիտասարդ տղան իրեն անպաշտպան է զգում: Խնդրում է՝ պետությունն օգնի, որ գոնե աշխատանք գտնի, քանի որ իր բախտն այդ հարցում կարծես թե այնքան էլ չի բերում՝ չնայած բազմաթիվ տեղերում հասցրել է աշխատել: Ինչպես ինքն է թվարկում, բանվորի աշխատանք է կատարել, շինարարություն արել, մատուցող է եղել պիցերիաներում ու սրճարաններում, բայց դրանցից ոչ մեկը մշտական աշխատանք չի դարձել, որովհետեւ մեկը սեզոնային էր, մյուսը փակվեց կորոնավիրուսի հետեւանքով, հաջորդում ղեկավարությունը փոխվեց՝ իր հետ բերելով աշխատողների նոր կազմ:

24-ամյա երիտասարդը նաեւ Արցախյան վերջին պատերազմին է մասնակցել: Վերադարձել է Երեւան, գրեթե մեկ ամիս ապրել պետության հատկացրած կացարանում, սակայն մի օր էլ գործից վերադարձել ու հայտնաբերել է հանրակացարանի իր սենյակն այրված: Սենյակը, որտեղ ապրել է Ռազմիկը մինչեւ անօթեւան դառնալը, դարձյալ բողոքի ճանապարհով ու համառ պայքարի միջոցով էր ստացել: Հրդեհվելուց հետո մեկ ամիս բնակարան է վարձակալել, սակայն դրան էլ հաջորդել է աշխատանք կորցնելը: Չկարողանալով տան վարձավճարը տալ՝ Ռազմիկը ստիպված լքել է այն:

Դրանից հետո ամեն ինչ ավելի է բարդացել, մի քանի օր մանկատան ընկերներից մեկի տանն է ապրել, ապա՝ մյուսի, սակայն, ինչպես ինքն է ասում, դա էլ հավերժ տեւել հո չի կարող, նրանց շատ նեղություն պատճառել չի ցանկանում: Ընկերների տանը մնալու ընթացքում մի քանի տեղ կրկին փորձել է աշխատանք գտնել, այդ թվում՝ մատուցողի, սակայն չի հաջողվել. «Մի քանի տեղ գնացի, հագուկապիս նայելով՝ չընդունեցին, ասացին՝ չեմ համապատասխանում»:

Ռազմիկը գիտակցում է, որ եթե կամրջից նետվելու սպառնալիքի ազդեցությամբ իր սոցիալական խնդիրները լուծվեն, դա կնշանակի, որ բազմաթիվ մարդիկ ուղեւորվելու են դեպի կամուրջ՝ իրենց մանրումեծ հարցերն այդպես լուծելու:

Ռազմիկն ընդգծում է՝ ինքը չի խնդրում, որ իր բնակարանը վերանորոգեն, չի սպասում որեւէ նյութական աջակցության: Ընդամենը ուզում է աշխատանք, որից չի խուսափում եւ որը գտնել չի կարողանում: Ասում է՝ պարբերաբար, երբ սպառնացել է նետվել կամրջից, տարբեր խոստումներ է ստացել, որոնք, սակայն, անմիջապես էլ մոռացվել են: Երիտասարդն ուշադրություն է հրավիրում մարդու հոգեբանական այն վիճակի վրա, որ երբ նրան խոստանում են որեւէ բան ու չեն անում, ավելի է ձգտում դրան:

«Եթե ստացվի, որ ինձ այսօր էլ խաբեցին, էլի եմ այդ քայլին գնալու: Երբ կամրջի այն կողմում էի, մի հոգեբան մոտեցավ, խոսեց, ասաց, որ կլուծեն աշխատանքիս հարցը: Համաձայնվեցի, կամրջի «ռեշոտկից» անցա էն կողմ, ձեռք սեղմեցինք, ասաց, որ վիզիտկա կտա, բայց մինչեւ ինձ նստեցրին շտապօգնության մեքենան, ճնշումս չափեցին, նայեցի, էդ մարդը էլ չկար: Երկու շաբաթ առաջ, երբ էլի կամուրջ էի գնացել ու անցել մյուս կողմը, չեմ հիշում՝ պատգամավորներից ով էր, մոտեցավ, խոստացավ, որ բոլոր հարցերը կլուծեն: Միասին եկանք կառավարական 3-րդ շենք: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն ասաց, որ այրված բնակարանն իրենք կվերանորոգեն: Դրանք զուտ խոսքեր էին: Բայց ես իրենց չէի ասում՝ փող տվեք կամ դուք սարքեք: Չէ՛: Աշխատանք տրամադրեն՝ կամաց-կամաց ես կաշխատեմ, կանեմ, իմ ձեռքից նման գործեր էլ գալիս են, ես կարող եմ: Էն սենյակն էլ, որ ԲԳՎ-ի (բնակարանի գնման վկայագրի) միջոցով տվել էին, բացառության կարգով էին տվել, ինձ չէին տալիս, դրա համար էի բողոքում»:

Զավենը պարզաբանում է, որ ԲԳՎ իրեն չէր հասնում, քանի որ 18 տարին մանկատանը չի լրացել. «18 տարեկանդ պիտի մանկատանը լրացած լինի, բայց իմն այդպես չէր, քանի որ 15-ում Գավառի մանկատնից տեղափոխվել եմ Երեւան՝ գիշերօթիկ դպրոց: Էնպես չէ՝ ես գնացել, իմ ծնողների հետ եմ ապրել: Սպորտիս համար ինձ տեղափոխել էին այստեղ: Ֆուտբոլով ու քիգբոքսինգով եմ զբաղվել: Բայց ֆուտբոլը թողեցի, որովհետեւ կռիվ էի արել ու դրա պատճառով մի տարի անչափահասների գաղութում անցկացրի: Կարծում եմ՝ ամեն մարդու հետ էլ կարող է նման մի դժբախտություն լինել: Դժբախտություն եմ համարում, որ այդ մեկ տարին ես անազատության մեջ եղա: Եթե այդ մեկ տարին գաղութում չլինեի, գուցե կյանքումս շատ բան այլ կերպ լիներ: Դրանից հետո թողեցի սպորտը… Ու մի բան էլ եմ ուզում ասել, տեսեք՝ հիմա ես շատ նեղ դրության մեջ եմ, բայց երբեք մտքովս չի անցել դիմել ամենահեշտ քայլին՝ գողություն անել, որովհետեւ ավելի լավ է՝ ազատության մեջ լինես, թեկուզ՝ շատ բաներից զուրկ»:

Ռազմիկը գիտի՝ ովքեր են ծնողները, բայց նրանցից վիրավորված է եւ շփումներ ու մտերմություն չի փնտրում: Ասում է՝ ծնողները բաժանվել են, ինքը հայտնվել է մանկատանը: Հիմա նրանցից ամեն մեկն իր ընտանիքն է կազմել.

«3 տարեկան եմ եղել, երբ ինձ Գավառի մանկատուն են տարել: Ծնողներիս մասին տեղեկություն ունեմ, գիտեմ՝ իրենք ովքեր են, որտեղ են հիմա, բայց չեմ շփվում: Հիմա արդեն 24 տարեկան եմ, ճիշտ է՝ էլի բազմաթիվ դժվարությունների միջով եմ անցնում, բայց իրենք ինձ փոքր ժամանակ էին պետք: Մորական կողմս Երեւանում է ապրում, հայրականը՝ Արտաշատում: Չեմ ուզում իրենց հետ որեւէ կապ ունենալ, ոչ էլ՝ իրենց բարեկամների»:

Իսկ մանկատանն անցկացրած տարիները Ռազմիկը ջերմությամբ է հիշում:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել