Գլխավոր Без рубрики Գործադիրը հաստատեց 2021/2022 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը. Հատկացվել է 151 տեղ

Գործադիրը հաստատեց 2021/2022 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը. Հատկացվել է 151 տեղ

0

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 20-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը:

Ըստ այդմ նախատեսվում է՝

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ.

բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ,

գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:

Սահմանվել է նաեւ, որ 2021/2022 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով ՀՀ բուհերի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է ԿԳՄՍ նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ  մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի:

Մասնավորապես 2020/2021 ուսումնական տարում ՀՀ կառավարության որոշմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է  151 տեղ, որից  85-ը (56.28%-ը) տրամադրվել է բնական և տեխնիկական գիտություններին, 2021/2022 ուսումնական տարում ընդհանուր տեղերի թիվը մնացել է նույնը, սակայն ավելացել է բնական և տեխնիկական գիտություններին հատկացված տեղերի թիվը՝ կազմելով ընդհանուր տեղերի 63.5 %-ը:

2020/2021 ուսումնական տարում հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 35 տեղ, որից 24-ը բնական և տեխնիկական գիտություններին, իսկ 2021/2022 ուսումնական տարում բնական և տեխնիկական գիտություններին հատկացվել է 28 տեղ և հումանիտար ու հասարակական գիտություններին 7 տեղ:

2021/2022 ուսումնական տարում այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա և 3 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

Մեկնաբանել