Գլխավոր ԵՐԵւԱՆ Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքները կմաքրվեն

Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքները կմաքրվեն

0

Ավագանին հաստատել է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները: Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է քաղաքն աղտոտող արտադրական ձեռնարկությունների կողմից օրենքով սահմանված կարգով վճարվող բնապահպանական հարկերից մասհանում կատարել համայնքին՝ լուծելու շրջակա միջավայրի աղտոտվածության, ջրային պաշարների և բնական համակարգերի պահպանության խնդիրները:

Հրազդան գետն ու Երևանյան լիճը լուծում են ոչ միայն քաղաքը ոռոգման ջրով ապահովելու խնդիրը, այլև մեծ նշանակություն ունեն շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստյան գոտու ձևավորման համար։

«Խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում ու Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ երբևէ չեն իրականացվել: Նախատեսվում են նաև ափամերձ տարածքներում որոշակի բարեկարգման աշխատանքներ: Մենք սկսել ենք փոքր քայլերով, իսկ հետագայում կան ավելի մեծ նպատակներ»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Ունենք շուրջ 15 հա վնասակար բույսերով ծածկված տարածք: Այդ բույսերն աճում են գոյացած թափոնների վրա և մեկ բույսը տարեկան գոլորշիացնում է մոտ 300 լիտր ջուր, ինչի հետևանքով ջրի ծավալն էապես նվազում է»,- ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը՝ նշելով, որ 2022թ. համար մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12540տ թափոնների հավաքում ու տեղափոխում: Հաշվի առնելով գետի աղտոտվածությունը՝ ծրագրով առաջարկվում է արտաքին աղբյուրներից գտնել և համաֆինանսավորել նույնքան ծավալի աշխատանք, ինչի շնորհիվ կմաքրվի կրկնակի տարածք: Ամբողջական ծրագրի գումարը կկազմի 112 մլն 860 հազար դրամ: Ծրագիրը համաձայնեցվել է շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների հետ: Աշխատանքները նախատեսվում է դարձնել շարունակական նաև հաջորդ տարիների համար:

Նախագիծը բխում է նաև «Կանաչ Երևան» գործողությունների ծրագրից, որը միտված է համայնքների կայուն զարգացմանը, համայնքի բնակավայրերի բարեկարգմանը և կանաչապատմանը, աղբահանությանը, կոմունալ տնտեսության աշխատանքների բարելավմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։

Մեկնաբանել