
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ահաբեկչություն է որակել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս մասին Արցախի արտգործնախարարը նշեց «Արմենպրես»–ի հետ զրույցում:
«Փաստորեն, Ադրբեջանը քաղաքական և աշխարհաքաղաքական ահաբեկչություն է կատարում: Նախևառաջ՝ նման քայլով Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ որևէ ողջամիտ ու քաղաքակիրթ ձևով չի ուզում և պատրաստ չէ իր հարաբերությունները կառուցելու Հայաստանի Հանրապետության հետ: Արդբեջանի կողմից շարունակվում են ահաբեկչական գործողությունները, գերեվարվում են մարդիկ, որոնք պարզապես ինժեներական աշխատանքներ էին կատարում: Հայ զինծառայողներին, փաստորեն, առևանգում են, գերեվարում և հայտարարում, որ նրանք դիվերսանտներ են»,- ասաց Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ պատանդներ ու ռազմագերիներ վերցնելու Ադրբեջանի նպատակը կրկին նրանց դիվերսանտներ ու ահաբեկիչներ պիտակավորելու քաղաքականություն վարելն է: «Փորձում են նման կերպ բարդացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդի մոտ վհատություն առաջացնել, անվստահության մթնոլորտ ստեղծել ապագայի նկատմամբ հատկապես կարևորագույն՝ ռազմավարական ու սահմանամերձ տարածքներում»,- նշեց Արցախի արտգործնախարարը:

Ըստ Բաբայանի՝ Արդբեջանի այդ պահվածքը հարված է նաև ՀԱՊԿ-ին, որովհետև ահաբեկչություն է կատարվել նրա անդամ հանդիսացող երկրի զինված ուժերի զինծառայողների նկատմամբ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: