Գլխավոր ԵՐԵւԱՆ 586.5 մլն դրամ կհատկացվի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման համար. Դումանյան

586.5 մլն դրամ կհատկացվի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման համար. Դումանյան

0

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացված գումարներից 586.5 մլն դրամ ուղղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների եւ ամուսինների՝ 2020-2021 թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ այդ գումարն ուղղվելու է 2735 ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցմանը, որից 2585-ը բուհերի, 150-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների:

«Նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում կստանան շուրջ 6948 ուսանող, իսկ փոխհատուցման չափը 1 մլրդ 463 մլն դրամ: Վերոնշյալ ծախսերի կատարման համար անհրաժեշտ գումարները վերաբաշխվում են ԿԳՄՍՆ-ին հատկացված գումարներից, որոնց հետագայում վերականգնման անհրաժեշտության դեպքում գումարները կհատկացվեն կամ ԿԳՄՍՆ-ին հատկացված միջոցների վերաբաշխմամբ կամ Կառավարության պահուստային ֆոնդից»,- նշեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսինքն այս ծրագիրն իրականացվում է փուլային եղանակով եւ երբ շահառուները ներգրավվում են ուսումնական գործընթացի մեջ նրանց 1 կիսամյակի վարձը վճարո՞ւմ են, ինչին Դումանյանը դրական պատասխան տվեց. «Ըստ էության, երբ ուսանողները զորացրվում են, գալիս են համապատասխան փաստաթղթեր են ներկայացնում, այդ վերականգնման պահին իրենց ուսումնառության 1 կիսամյակի վարձը մենք փոխհատուցում ենք: Այս գործընթացը կտեւի մինչեւ 2022 թվականի ամառային զորացրման շրջանը, երբ 2 տարին կլրանա»:

Մեկնաբանել