Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ 81 առևանգված, 4 սատկած անասուն. հայտնի է կութեցիներին պատճառված վնասի չափը

81 առևանգված, 4 սատկած անասուն. հայտնի է կութեցիներին պատճառված վնասի չափը

0

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից Yerkir.am-ին են փոխանցել առևանգնված և կրակահերթերից սատկած անասունների քանակի և կութեցիներին պատճառված վնասի մասին հստակ տեղեկություններ։ Ըստ փոխանցված ցուցակի՝ թշնամին առևանգել է. Սիմա Չիտչյանի 7 կովը, Հրաչիկ Չիտչյանի 19 կովը, Վաչիկ Չիտչյանի 18 կովը, Արարատ Չիտչյանի 3 կովը, Գևորգ Խաչատրյանից՝ 11 կով + 23 ցուլիկ և երինջ, ընդամենը՝ 34 գլուխ անասուն։ Ընդամենը՝ 81 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, գումարած՝ 4 գլուխ անասուն, որոնք սատկել են թշնամու՝ կութեցի հովվին ուղղված կրակահերթերի արդյունքում։

Հիշեցնենք՝ Yerkir.am-ը երեկ հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել  հերթական «խաղաղ» միջադեպը. Նիկոլի՝ Քարվաճառի դավաճանական հանձնումից հետո գյուղի մերձակայքում դիրքավորված թշնամու զինվորները կրակել են գյուղի հովվի վրա։ Գյուղից հայտնել են, որ հովիվը, ձին նստած, փորձել է դեպի գյուղ քշել դիրքավորված թշնամու տեսադաշտում արածող նախիրը, և հենց այդ պահին թշնամին կրակել է հովվի վրա։ Ըստ նախնական տեղեկության՝ հովիվը, բարեբախտաբար, չի տուժել, սակայն կրակոցներից վնասվածքներ է ստացել նրա ձին։ Կրակոցներից վնասվել են նաև մի քանի կովեր։ Կրակահերթի տակ պահելով հովվին՝ թշնամին առևանգել է Կութ գյուղի նախիրը՝ շուրջ 50-60 գլուխ անասուն։

Ավելի ուշ՝ ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի հրատապ փաստահավաք աշխատանքներով պարզվել է, որ ադրբեջանական զինվորականները կրակահերթ են սկսեկ ցերեկը ժամը 12:30-ից 13-ի սահմաններում այն պահից, երբ կենդանիները մոտեցել են արոտավայրում առկա գետակին և ջուր խմել: Դա նրանց ջուր խմելու մշտական վայրն է: Ընդ որում, հովիվը, ինչպես նաև կենդանիները գտնվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ ադրբեջանական զինված ուժերն այն հատվածում, որ ապօրինի ներխուժել են ՀՀ տարածք: Կրակահերթը Կութի բնակիչ հովիվի ուղղությամբ տևել է մոտ 30 րոպե: Հովիվը կարողացել է ձիով փախուստի դիմել, սակայն այդ ընթացքում կրակահերթից ձիու ոտքը վնասվել է:

Արդյունքում, ինչպես պարզել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են: Կութ գյուղի հովիվի ուղղությամբ հունիսի 5-ին ադրբեջանական զինված ուժերի կրակելու փաստը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Մեկնաբանել