Գլխավոր ԵՐԵւԱՆ ՔՊ-ն, ԲՀԿ-ն եւ «Հայաստան» դաշինքը չեն խախտել քարոզարշավի պահանջները. ԿԸՀ

ՔՊ-ն, ԲՀԿ-ն եւ «Հայաստան» դաշինքը չեն խախտել քարոզարշավի պահանջները. ԿԸՀ

0

«Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավից հանելու առաջարկը՝ քարոզչության գծով ԿԸՀ պահանջները խախտելու պատճառով, մերժվել է։ Այս որոշումն ընդունվել է հունիսի 8-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում, համապատասխան հայտարարության քննարկման ընթացքում։

Հայտարարությունը ԿԸՀ էր ներկայացրել «Համահայկական ազգային պետականություն»  կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը խախտել են ԿԸՀ պահանջները՝ նախընտրական քարոզարշավն սկսելով օրենքով սահմանված ժամկետից շուտ։ Բաղդասարյանը, մասնավորապես, նշել է, որ տարբեր տեղեկատվական կայքերը՝ նախատեսված գովազդի համար, տեղադրել են ոչ միայն վերոնշյալ քաղաքական ուժերի ղեկավարների լուսանկարները, նրանց կարգախոսները, այլեւ նախընտրական համարները։ «Ես արձանագրում եմ, որ խախտվում են հավասար մրցակցության սկզբունքները՝ դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով»,- ասվում է Բաղդասարյանի հայտարարությունում։ Նրա կարծիքով՝ այդ բոլոր խախտումները կարող են ուղղակիորեն անդրադառնալ կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

Համապատասխան խախտումների առկայության պատճառով Բաղդասարյանը պահանջել է պատասխանատվության ենթարկել «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին, ինչպես նաեւ «Հայաստան» դաշինքին, ընդհուպ մինչեւ նրանց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության իրավունքից զրկելը։

Այնուամենայնիվ, Բաղդասարյանի փաստարկները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հիմնավորված չեն թվացել։ ԿԸՀ նախագահը, մասնավորապես, ընթերցելով օրենքի պահանջները, մատնանշեց, որ նախընտրական քարոզչությունը կարող է իրականացվել նաեւ ԿԸՀ նշած ժամկետներից դուրս։ Այսպիսով, ինչպես կարծում են ԿԸՀ-ում, խախտումներ վերոնշյալ քաղաքական ուժերի կողմից սույն համատեքստում չեն եղել։

Մեկնաբանել