Գլխավոր ԵՐԵւԱՆ Եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, դրանց հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը. Անահիտ Ավանեսյան

Եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, դրանց հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը. Անահիտ Ավանեսյան

0

«Պատերազմում զոհված զինծառայողների դիերը իրոք ոչ պատշաճ պայմաններում էին պահպանվում, եւ դրա համար կոնկրետ անձինք իրենց բացթողման համար կրել են պատասխանատվություն»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով զոհված զինվորների մարմինների պահպանման պայմանների աղմկահարույց դեպքին: Այս մասին հայտնում է`aravot.am-ը:

Հարցին՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս եւ արդյոք կարծում է, որ միայն ներողություն խնդրելը բավարար է, տիկին Ավանեսյանն ասաց. «Ես պատշաճ եմ համարել, որ նման նուրբ թեման լրացուցիչ ցավ է պատճառել հարազատներին, եւ այո, կրելով պատասխանատվություն, ներողություն եմ խնդրել: Եվ գիտեք, պիտի դա էլ մտնի մեր մշակույթի մեջ: Երբ որ կատարվում է ոչ պատշաճ բացթողում քո համակարգում, պիտի վերցնես քո վրա պատասխանատվություն: Հարկ եմ համարել ներողություն խնդրել: Ես հարկ չեմ համարում հրաժարական տալ, որովհետեւ կարծում եմ, կա կոնկրետ անձի կողմից բացթողում, եւ իմ պատասխանատվությունն է դրա հետեւանքները ճիշտ օրենքի շրջանակներում իրականացնել»:

Անահիտ Ավանեսյանը նաեւ ասաց, որ եթե հարազատները չվերցնեն նույնականացված դիերը դիահերձարաններից, դրանց հուղարկավորությունը կազմակերպելու պատասխանատվությունն իր վրա կվերցնի պետությունը: Նրա խոսքով, դիակները չեն կարող երկար ժամանակ պահպանվել դիահերձարաններում, անգամ սառնարաններում: Այս ցավոտ հարցը լուծելու ուղղությամբ մի ամբողջ թիմ է աշխատում. «Ընդհանրապես պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետեւ ճանաչման եւ հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, որոնք անհեռանկար ձեւով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաեւ հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետեւ որեւէ տեսանկյունից ճիշտ չի այդքան երկար ժամանակով պահելը»:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել