Գլխավոր Հասարակություն Մեկնարկել է քվեաթերթիկների տպագրությունը. կտպվի 66, 925 միլիոն քվեաթերթիկ

Մեկնարկել է քվեաթերթիկների տպագրությունը. կտպվի 66, 925 միլիոն քվեաթերթիկ

0

«Տիգրան Մեծ» հրատարակչատանը մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը։ Ընտրությունների մասնակից 25 քաղաքական ուժերից յուրաքանչյուրի համար տպագրվում է 2 մլն 677 հազար քվեաթերթիկ։

«Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրենի տեղակալ Լյուդվիգ Հարոյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ նման քանակով քվեաթերթիկների տպագրությունն աննախադեպ է։

«Հրատարակչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կնքել է պայմանագիր՝ քվեաթերթիկներն ու ընտրությունների հետ կապված այլ փաստաթղթերը տպելու համար։ Մեզ ներկայացված պայմանագրի հիման վրա ընտրություններին մասնակից  25 քաղաքական ուժերից  յուրաքանչյուրի համար տպագրվում է 2 մլն 677 հազար քվեաթերթիկ։

Արտադրամասում այս պահին աշխատում է 4 հզոր տպագրական մեքենա։ Տպագրությունն ավարտելուց հետո տրցակներն ուղարկում ենք կտրման եւ հանձնում ԿԸՀ։

Նման բան չի եղել, որ այսքան քաղաքական ուժ մասնակցի ընտրություններին։ Տպագրության աշխատանքի ծավալը, աշխատողների քանակն ավելացրել ենք, գիշեր–ցերեկ տպագրական մեքենաներն աշխատում են, որպեսզի հասցնենք մինչեւ հունիսի 17-ը հանձնել քվեաթերթիկները»,– ասաց Լյուդվիկ Հարոյանը։

Քվեաթերթիկների տպագրության վերջնաժամկետը հունիսի 17-ն է։ Մինչ այդ հրատարակչությունը կտպի 66 մլն 925 հազար քվեաթերթիկ։

 

Մեկնաբանել