Գլխավոր Հասարակություն «Ով ականջ ունի՝ կլսի, ով աչք ունի՝ կտեսնի»․ Սուրբ Էջմիածինը՝ Փաշինյանին

«Ով ականջ ունի՝ կլսի, ով աչք ունի՝ կտեսնի»․ Սուրբ Էջմիածինը՝ Փաշինյանին

0

Մայր Աթոռն արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօր Դիլիջանում արված հայտարարություններին, որոնք վերաբերում են նաեւ եկեղեցուն:

Մասնավորապես, Դիլիջանում այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կեղծ էլիտաներին թույլ չեն տալու վերարտադրվել։

«Եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան՝ մինչեւ էլիտաները, հոգեւորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տեր չեք, ծառա եք, դուք այլեւս ՀՀ-ում չեք լինելու տեր: Դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք ժողովրդին: Ժողովո՛ւրդ, նրանք տանել չեն կարողանում, որ դուք դուրս եք եկել ձեր տներից, նրանք ուզում են, որ դուք ապրեք, շնչեք, արտաշնչեք իրենց թուլտվությամբ: Ո՛չ, չի լինելու տենց բան», — հայտարարել է Փաշինյանը։

Aysor.am-ի  խնդրանքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանն արձագանքեց հետեւյալը.

«Նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր Դիլիջան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի արտահայտած մտքերը հոգեւոր աշխարհի սպասավորների վերաբերյալ խիստ տարակուսելի են եւ դատապարտելի։

Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ եւ անպատշաճ հայտարարությունների համար, որոնք բացարձակ առնչություն չունեն մեր կյանքի իրողությունների հետ։ Մայր Աթոռը կոչ է անում զսպվածության եւ անդրադարձումի իր կողմից թույլ տրվող դատողությունների առնչությամբ։

Բոլոր ժամանակներում հայ եկեղեցականը եղել եւ մնում է իր հայրենիքի եւ իր ժողովրդի սպասավորը եւ պաշտպանը, կերտողը եւ պահապանը ազգային-հոգեւոր արժեքների, իրագործողը ազգի իղձերի եւ ամոքողը նրա ցավերի։ Հեռու չենք գնա՝ հայրենական կյանքի վերջին ցավալի իրողությունները փաստել են, թե ով ո՛վ է եւ ով ինչի՛ է ընդունակ։ Մնացյալը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ով ականջ ունի՝ կլսի, ով աչք ունի՝ կտեսնի»։

Մեկնաբանել