Գլխավոր ԵՐԵւԱՆ Վաղարշակ Հարությունյանը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են անհայտ կորած և գերիների...

Վաղարշակ Հարությունյանը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են անհայտ կորած և գերիների ճակատագրերը պարզելու հարցերին

0

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ շփման գծի ամբողջ երկայնքով սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին:

ՊՆ-ն տեղեկացնում է, որ Վաղարշակ Հարությունյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման և այս՝ բացառապես հումանիտար բնույթ կրող հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ: Նշվել է, որ նման գործելաոճը  հանդիսանում է միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության դրույթների շրջանակներում Ադրբեջանի կողմից ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում:

Վաղարշակ Հարությունյանը միաժամանակ երախտագիտություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար, նշել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք:

Թիերի Ռիբոն իր հերթին հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ:

Մեկնաբանել