Գլխավոր ԵՐԵւԱՆ Նորածնի առուվաճառքի դեպք է բացահայտվել. գործով անցնում է 5 անձ

Նորածնի առուվաճառքի դեպք է բացահայտվել. գործով անցնում է 5 անձ

0

Երեւանում նորածնի վաճառքի դեպք է բացահայտվել: ՀՀ քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ  հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ գործով քննությունն ավարատվել է եւ այն ուղարկվել է դատարան:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 29-ամյա կինը, 2018թ. գարնանը գտնվելով հղի վիճակում, իր մոր հետ որոշել է վաճառել երեխային: Այդ նպատակով վերջինս, զանգահարելով «սուրոգատ» մայր փնտրելու վերաբերյալ հայտարարություն տեղադրած՝ Երևանի 45-ամյա բնակչուհուն, հայտնել է, որ դուստրը հղի է, ծննդաբերությունից հետո պատրաստվում է երեխայից հրաժարվել և առաջարկել է 1.200.000 ՀՀ դրամ գումարի դիմաց որդեգրել երեխային:

Երևանի բնակչուհին, ընդհանուր համաձայնության գալով 29-ամյա կնոջ և նրա մոր հետ, իր միջոցներով հղի կնոջը տարել է տարբեր բժշկական կենտրոններ՝ հետազոտման և հաշվառման ներկայացրել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: 2018թ. օգոստոսի 20-ին վերջինս ծննդաբերել է աղջիկ երեխա, սակայն ամուսնուն հայտնել է, որ ծննդաբերության ժամանակ երեխան մահացել է:

Դրանից հետո՝ 2018թ. օգոստոսի 23-ին, Երևանի բնակչուհու փաստաբանի ուղղորդմամբ, 29-ամյա կինը երևանաբնակ կնոջ ամուսնու հետ գնացել է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ամուսնության պալատի տարածքային բաժին և դստեր հայրությունը ճանաչելու համար սուտ տեղեկություններ հաղորդել այն մասին, թե իբր վերջինս հանդիսանում է երեխայի հայրը:

Այնուհետև, կեղծ որդեգրման գործընթացն ապահովելու համար, օգոստոսի 29-ին, կրկին փաստաբանի ուղղորդմամբ, երևանաբնակ ամուսինները և 29-ամյա կինը գնացել են Նոտարական տարածք, որտեղ վերջինս և Երևանի բնակչուհու ամուսինը, ներկայանալով որպես նորածնի ծնողներ, համաձայնություն են տվել, որպեսզի իրենց անչափահաս դստերը որդեգրի 45-ամյա կինը, իսկ 29-ամյա կինը և նրա մայրը երեխայի վաճառքի համար մաս-մաս՝ կանխիկ և բանկային փոխանցումներով, ստացել են ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումար:

Սակայն երեխայի հայրը և վերջինիս մայրը, տեղեկանալով կատարվածի մասին, հետ են վերցրել երեխային:

29-ամյա կնոջը, նրա մորը և երևանաբնակ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, իսկ փաստաբանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Մեկնաբանել