Գլխավոր ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ-2021 Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին անպայման գնալ ընտրական տեղամասեր և կատարել...

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին անպայման գնալ ընտրական տեղամասեր և կատարել ընտրություն

0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ հունիսի 20-ին ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ եւ այդ կարգավիճակը իրացնելու է քվեարկությունը կատարելու միջոցով: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաեւ ներկայացրեց ընտրություններում քվեարկություն կատարելու գործընթացը:

«Երբ մտնեք ընտրական տեղամաս, ձեզ տրվելու է քվեաթերթիկների տրցակ՝ ընտրություններին մասնակցող ուժերի թվաքանակով, որովհետեւ ամեն ուժ ունի իր առանձին քվեաթերթիկը եւ դուք քվեարկություն կատարելու համար պետք է վերցնեք այդ քվեաթերթիկներից որեւէ մեկը, որոնցից յուրաքանչյուրը ունի իր համարը: Քվեաթերթիկը ընտրելով՝ դնում եք ծրարի մեջ, մյուս քվեաթերթիկները լցնում եք  չօգտագործված քվեաթերթիկների արկի մեջ: Հետո մոտենում եք քվեատուփին, քվեատուփի մոտ դրոշմապիտակ եք կպցնում, որից հետո քվեաթերթիկը նետում եք այն քվեատուփի մեջ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց՝ գրիչով որեւէ գրառում, նշում քվեաթերթիկի վրա չի կարելի անել, որովհետեւ գրիչով նշումով քվեաթերթիկները ճանաչվելու են անվավեր: «Հաջորդ դիտարկումը, որ ուզում եմ անել, հետեւյալն է. ընտրությունների քվեարկության գաղտնիությունը որեւէ կերպ խախտելը, այդ թվում՝ քվեաթերթիկը կամ քվեաթերթիկների տրցակը դուրս հանելու տեսքով, նախատեսված է քրեական օրենսգրքով եւ դա քրեական հանցագործություն է համարվում, դրանով նախատեսվում են որոշակի պատիժներ:

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, հույս ունեմ եւ համոզված եմ, որ ուժեղ եք: Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի եւ այդ սուբյեկտը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետեւ նրա կատարած սկզբունքային ընտրությունը հստակ եւ աներկբա արձանագրվելու է ընտրական ամփոփիչ արձանագրություններով: Հույս ունեմ եւ համոզված եմ, որ կգնաք ընտրական տեղամասեր, կկատարեք ձեր վճռական ընտրությունը, կկայացնեք ձեր վճռական որոշումը եւ Հայաստանի Հանրապետության համար կբացեք նոր էջ, ի վերջո, հաղթահարելով այն քաղաքական ճգնաժամը, խժդժությունները, որոնք վերջին յոթ ամիսների ընթացքում ձեւավորվել են: Եվ ուրեմն իմ կոչը, խնդրանքը, հորդորը՝ անպայման գնալ ընտրական տեղամասեր եւ կատարել ընտրություն»,- եզրափակեց Փաշինյանը:

Մեկնաբանել