Գլխավոր ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ-2021 Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին․ ՀՀ...

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին․ ՀՀ նախագահի ուղերձը (վիդեո)

0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ կոչ է արել ՀՀ ԱԺ հունիսի 20-ին անցկացվելիք արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում եւ գործելակերպում լինեն զուսպ եւ կշռադատված, զսպվածության կոչեն նաեւ իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից, հանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականության սահմանները։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։

Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին, ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստվում են իրականացնել ձեր քվեները ստանալուց հետո:

Ցավոք, այս ընթացքում եղան նաեւ անհանդուրժողականության, վիրավորանքի, սպառնալիքի դրսեւորումներ, եղան նաեւ միջադեպեր, որոնք հարիր չեն ժողովրդավարության ձգտող կամ ժողովրդավարությունից խոսող որեւէ քաղաքական ուժի կամ գործչի։

Անթույլատրելի, անընդունելի եւ խստորեն դատապարտելի են իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առավել եւս՝ ատելություն եւ թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։

Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում եւ գործելակերպում լինեն զուսպ եւ կշռադատված, զսպվածության կոչեն նաեւ իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից, հանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականության սահմանները։

Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի եւ իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսեւորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։

Այս ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում եւ վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության ու ժողովրդի համար։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը:

Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր եւ ձեր ընտանիքի վաղվա օրվա։

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։

Հաջողություն եւ ամենայն բարիք…»:

Մեկնաբանել